Նորություններ
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ
28.01.2023
Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-ամյակն է։ Բանակը եղել և մնում է մեր նորանկախ պետականության ամենակարևոր նվաճումներից մեկն ու անվտանգության թիվ մեկ երաշխավորը։
Բանակի ստեղծումը և կայացումը ժամանակի և պատմության հրամայականն էր, իսկ բանակաշինությունը՝ ներկայիս ամենակարևոր առաքելությունը։ Մի բան ակնհայտ է՝ հայկական զինված ուժերի մարտական ոգին ու հայրենասիրությունը հազարմյակների պատմություն ունի․ապացույցը՝ հազարավոր հայորդիների անկոտրում կամքն ու զինվորի կողքին կանգնած մեր հայրենակիցները։
Օրը բոլորինն է՝ սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև բարձրաստիճան զինվորական, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր մշտապես հայ զինվորի կողքին են։
Հունվարի 28-ը ևս մեկ առիթ է՝ խոնարհվելու բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության նվիրական գործին զոհաբերեցին իրենց կյանքը։
Հայրենիքի նվիրյալների շարքում քիչ չէին նաև աբովյանականները․ նրանք վաղվա ուսուցիչներն էին, կրթության գործի կազմակերպիչներն ու նվիրյալները, որոնք գերադասեցին հայրենքի պաշտպանությունն ու տվեցին ամենակարևոր դասը՝ սիրել և ամեն գնով պաշտպանել հայրենիքը։
Չնայած տարատեսակ գնահատականներին, այսօր նույնպես կարելի է ասել՝ ունենք կայացած բանակ, քաջ զինվոր, որն իր կամքով, նվիրումով պատրաստ է պաշտպանել հայրենիքի անվտանգությունը։
Շնորհավոր տո՛նդ, Հայոց բանակ, անվտանգ ծառայություն, հա՛յ զինվոր։
— See more at: https://aspu.am/hy/content/shnorhavor_tond_hayoc_banak/#sthash.vkjkFshs.dpuf















