Նորություններ

Այսօր Սուրբ Սարգսի տոնն է՝ երիտասարդների օրհնության օրը

Այսօր Սուրբ Սարգսի տոնն է՝ երիտասարդների օրհնության օրը

04.02.2023

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի տոնում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի տոնը նշվում է փետրվարի 4-ին:

Ավանդազրույցի համաձայն՝ Սուրբն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Սուրբ Սարգիսը խիզախության, քաջության և անձնազոհության խորհրդանիշ է զինվորների և երիտասարդների համար:

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Սուրբ Սարգսի տոնի ուրբաթ գիշերը, նորահաս երիտասարդները աղաբլիթ են ճաշակում, ակնկալելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա փեսացուին կամ հարսնացուին։

Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, նրան սպասվում է մեծ հաջողություն։

Եկեղեցին սրբացնում է Սուրբ Սարգսին` համարելով նրան սիրո երազանքների իրականացնող: Սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

Ռադիո «Ֆամայի» աշխատակազմը, ի դեմս ուսանողների, շնորհավորում է երիտասարդներին տոնի առթիվ, մաղթում սեր, հաջողություններ և երջանիկ օրեր։

Թող Սուրբ բարեխոսն ապահովի մեր զինվորների բարի ու անփորձանք ծառայությունը:

 

Comments are closed.