Նորություններ
Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է
09.02.2023
Վահան Տերյանը XX դարի սկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ, ռոմանտիկ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:
Տերյանն առաջինն է գրել բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:
Տերյանը կատարելության է հասցրել հայ բանաստեղծության կշռույթը, առաջինն է գրել սոնետ և տրիոլետ, զարգացրել գազելը (բանաստեղծության ձևեր են): Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին հետևել են շատ բանաստեղծներ:
Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են նամակները:
Երևանում գործում է «Տերյան մշակութային կենտրոնը», որի ջանքերով լույս է ընծայվել Տերյանի բանաստեղծությունների «Ընտրանին» (2005 թ.) և «Տերյան. հանրագիտարանը» (2010 թ.): Տերյանի բանաստեղծությունների խոսքերով գրել են բազմաթիվ երգեր (Նիկոլ Գալանդերյան, Էդգար Հովհաննիսյան և ուրիշներ):
Երևանում, ՀՀ այլ քաղաքներում, Ջավախքում, Օրենբուրգում Տերյանի անունով կոչվել են թաղամասեր, փողոցներ, դպրոցներ, կանգնեցվել են հուշարձաններ: Գանձայում 1957 թ-ից գործում է բանաստեղծի տուն-թանգարանը: Ամեն տարի հուլիսին նրա ծննդավայրում տեղի են ունենում Տերյանական պոեզիայի օրեր:















