Նորություններ

Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է

Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է

13.02.2023

2012 թվականից փետրվարի 13-ը նշվում է որպես Ռադիոյի համաշխարհային օր:

Ռադիոյի օր է ընտրվել ՄԱԿ-ի ռադիոյի մեկնարկելու օրը, որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշումից ընդամենը 1 տարի անց՝  2013-ի նոյեմբերի 1-ին, հիմնադրվեց Մանկավարժական համալսարանի ռադիոն։  Այն կոչվեց Ֆամա՝ ամեն ինչ լսող և ամեն ինչ տեսնող հունական աստվածուհու անունով: Արդեն մեկ տասնամյակ Ռադիո Ֆաման յուրատեսակ հարթակ ու փորձ ձեռք բերելու դարբնոց է բուհի Հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների համար․ նրանք իրենց մասնագիտական առաջին քայլերը կատարում են հենց Ֆամայում։ Ուսանողական, երիտասարդական, մշակութային և տեղեկատվական հաղորդումներ պատրաստում են նաև բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողները։ Հաղորդումների շրջանակներում նրանք բարձրացնում են իրենց հետաքրքրող մասնագիտական, ուսանողական հարցերը, իսկ հեղինակային հաղորդումների՝ հարցազրույցների ընթացքում պարզում դրանց պատասխանները անմիջապես մասնագետներից։

Տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում ռադիոն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը։ Այն շարունակում է պահպանել իր ուսուցողական և դաստիարակչական նշանակությունը, ինչպես նաև մնալ լրատվության կարևորագույն և անփոխարինելի միջոց:

Ռադիո Ֆամայի աշխատակազմը սիրով շնորհավորում է իր գործընկերներին, մաղթում անխափան եթեր, իսկ ուսանողներին ևս մեկ անգամ վստահեցնում՝ մենք Ձեզ միշտ սպասում ենք։

 

Comments are closed.