Նորություններ

Մեկնարկել է «Մասլենիցա․ Բարեկենդան»-ը

Մեկնարկել է «Մասլենիցա․ Բարեկենդան»-ը

23.02.2023

ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության ու Պարարվեստի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների և «Մոսկվայի տուն» ռուսական մշակութագործարարական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Մասլենիցա․ Բարեկենդան» միջոցառումը։

Այս տարի հայ և ռուս ժողովուրդների երկու ավանդական տոները համընկել էին. գրեթե նույն ժամանակահատվածում էին։ Երկու կառույցների նախաձեռնությամբ երբեմնի մեծ ժողովրդականություն վայելող տոները նշվեց մեկտեղ՝ մայրաքաղաքի կենտրոնում, իր շուրջ համախմբելով անցորդներին և, հատկապես, ռուս զբոսաշրջիկներին։ Բարեկենդան, Մասլենիցա, ավանդական հյուրասիրություն, տոների խորհրդի ներկայացում, մուլտհերոսներ, պարային համարներ, տարատեսակ ավանդական խաղեր ու մրցույթներ․ այսպես մեկնարկեց փետրվարի 23-25-ն օղակաձև զբոսայգում անցկացվող միջոցառումը։ Առաջիկա օրերին ևս կկազմակերպվեն մրցույթներ և վիկտորինաներ, հայ և ռուս ժողովուրդների ազգային ուրախ խաղեր, ինչպես նաև ավանդական հյուրասիրություն։

ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը միջոցառման սցենարի հեղինակն է։ Նրա կարծիքով՝ կազմակերպված միջոցառման շնորհիվ կներկայացվի լույս և կյանք խորհրդանշող տոների՝ ձմռանը հրաժեշտ տալու և գարունը պայծառ տրամադրությամբ դիմավորելու խորհուրդը։

«Սա յուրատեսակ համագործակցություն է «Մոսկվայի տան» հետ։ Մասլենիցայի և Բարեկենդանի հանդիպումը մեկ վայրում ինչ-որ առումով թույլ կտա միավորել երկու ժողովուրդներին՝ նաև ընդհանուր ավանդույթների տեսանկյուններից»,-նշեց Լևոն Գալստյանն ու ափսոսանքով նկատեց, որ մեր օրերում կորցրել ենք Բարեկենդանի տոնն ու դրա խորհուրդը, այնինչ նախկինում այն նշվել է մեծ շուքով։

«Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ aspu.am-ի հետ զրույցում հավելում է, որ Մանկավարժական համալսարանի հետ բազմիցս ունեցել են արդյունավետ համագործակցություն կրթական մի շարք ծրագրերի շուրջ։

«Սա առաջին մշակութային համագործակցությունն է, սակայն արդեն իսկ նախանշել ենք մի շարք այլ ծրագրեր, ինչին կնպաստեն եռօրյա միջոցառման արձագանքները»,-նշեց Վահրամ Կարապետյանն ու ևս մեկ անգամ փաստեց՝ ուրախալի է, որ երկու կառույցների միջև կա համագործակցության ամուր հիմք՝ երկուստեք վերապատրաստումներ, ուսանողների պրակտիկա և այլն։

Միջոցառման ռեժիսորը ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի խորհրդի անդամ Ժիրայր Դադասյանն է։ Նրա կարծիքով՝ միջոցառումը կարևոր է նաև երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից․ ի վերջո, երկու ազգերին միավորում են մի շարք ավանդույթներ։

Comments are closed.