Նորություններ
Առցանց ցուցադրություն՝ «Արցախի գանձերը»
24.02.2023
Երկու թանգարանների համատեղ կազմակերպած ցուցահանդեսի նպատակն է Արցախի` հազարամյակներից սերվող հնագիտական, միջնադարյան և նորագույն ժամանակաշրջանի հոգևոր և նյութական ժառանգությունը վերհանելն ու ցուցադրելը։ Առցանց ձևաչափով միավորելով հայկական մի քանի թանգարանների հավաքածուները մեկ հարթակում` ներկայացնում են Արցախի մշակութային հարստությունը։
Այս համագործակցությունը կամրջել է 16 հայկական թանգարաններ, որոնք տարիների ընթացքում ամբարել են հայոց մշակույթի ու պատմության խոսուն վկայությունները և իրենց կարևոր դերակատարումն ունեցել այդ արժեքները պահպանելու և ուսումնասիրելու գործում։
Արցախը և Ուտիքը, լինելով Մեծ Հայքի արևելյան նահանգները, իրենց կարևոր դերակատարումն են ունեցել հազարամյա բազմաշերտ հայ մշակույթի կերտման գործում։ Արցախի մշակույթի յուրօրինակ և զարգացող շարունակականությունն այստեղ ներկայացվում է հազարամյակների դիտակետից։ Ցուցադրվում են պալեոլիթյան և բրոնզեդարյան իրեր, Արցախին բնորոշ եզակի քարակոթողներ, զենքեր, խեցեղեն, զարդեր և պաշտամունքի առարկաներ, ինչպես նաև միջնադարյան վաղագույն ձեռագրեր, գորգեր, տարազներ, վաղ շրջանի տպագիր գրքեր, ամսագրեր և լուսանկարներ։
2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը գրավել է Արցախում մեծ թվով հայկական բնակավայրեր, այդ թվում՝ 12 թանգարան և մասնավոր հավաքածու։ Այդ թանգարաններում պահվող հավաքածուների ճակատագիրն անհայտ է։















