Նորություններ

Մասնակցեցին «Ապարանյան ձմեռ-2023»-ին

Մասնակցեցին «Ապարանյան ձմեռ-2023»-ին

27.02.2023

ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին «Ապարանյան ձմեռ-2023»-ին։ Ապարանի համայնքապետարանի կազմակերպած ամենամյա փառատոնին աբովյանականները մասնակցում են արդեն 2-րդ անգամ։

Փառատոնն անցկացվեց Ապարան քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող 2050-2200 մ բարձրություն ունեցող Խաչասարի հատվածում։

Միջոցառումն ուներ մշակութային և սպորտային հատված․ կատարումներով հանդես եկան դհոլահարներ, պարային խմբեր՝ ներկայացնելով ազգային մշակույթը։ Բացի այդ, հանրապետության տարբեր քաղաքներ և համայնքներ կազմակերպել էին հյուրասիրություն՝ ներկայացնելով իրենց գյուղին կամ քաղաքին բնորոշ ավանդական կերակրատեսակներ։

Սպորտային հատվածը հագեցած էր մրցութային և սիրողական խաղերով, ցուցադրական ելույթներով․ ՀՊՄՀ շուրջ 70 ուսանող մասնակցեց բազկամարտի, հրաձգության, ձնամարտի և դահուկավազքի մրցութային, ինչպես նաև սիրողական այլ մրցաշարերում։

Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն ուրախությամբ է նկատում՝ «Ապարանյան ձմեռ 2023»-ը ՀՊՄՀ ուսանողների այս տարվա արդեն երկրորդ ձմեռային ժամանցն է․ երկրորդ կիսամյակից առաջ նրանք իրենց հանգիստն էին անցկացրել Աղավնաձորի ուսումնական բազայում։

«Նմանատիպ միջոցառումներն ունեն և՛ ժամանցային, և՛ ուսուցողական նշանակություն։ Դա նպաստում է, որ ուսանողները, բացի մասնագիտություն ստանալուց, ունենան նաև հիշարժան ուսանողական տարիներ»,-նշեց Ուսանողական խորհրդի նախագահն ու հավելեց՝ ուսանողական կառույցն անում է հնարավորը, որ ուսանողները մասնակցեն նման միջոցառումների և իրենց բավարարված զգան համալսարանում անցկացրած տարիներից։

Ուսանողները միակարծիք են՝ նման միջոցառումները նպաստում են, որ ունենան լիարժեք ուսանողական տարիներ, անմոռանալի հույզեր, սպորտային տրամադրություն և մրցութային զգացողություններ։ Բացի այդ, նմանատիպ համապետական միջոցառումները նպաստում են այլ բուհերի ուսանողների, երիտասարդների հետ նոր կապեր հաստատելուն։

Տեղեկատվությունը՝ www.aspu.am

 

Comments are closed.