Նորություններ
Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
15.03.2023
Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան, մնջկատակ, ծաղրերգու, գրող Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է։ Թեև ճանաչված ու սիրված ծաղրածուն կարճ կյանք ունեցավ և հրաժեշտ տվեց կյանքին ընդամենը 37 տարեկանում, սակայն նա հասցրեց իր հետքը թողնել մշակույթում յուրահատուկ ձեռագրով, լինելով ինքնատիպ ու արտասովոր ներաշխարհի տեր անհատականություն և արվեստագետ: Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, զբաղվել է բռնցքամարտով: 1959 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը: 1971 թվականին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: 1956-ից նկարահանվել է կինոյում` հանդես գալով տարբեր դերերով: Մահացել է 37 տարեկանում, սրտի կաթվածից, Մոսկվայում:
Ծաղկաքաղ Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործություններից․
Մի՛ նեղացրեք մարդուն
Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…․․․
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի:․․․
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ…
***
Գրպանահատը
Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթե երջանիկ:
Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։
***
Արտիստին
Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:
Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր…
Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, եւ քեզ հետ է նորից Անհանգստությունը:
Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:
Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում: