Նորություններ

Գրքի շնորհանդես

Գրքի շնորհանդես

28.03.2023

«Նրանց, ում ես կորցրել եմ, ոչ ոք չի կարող ետ վերադարձնել։ Ես անմահների սերնդին հավերժ կարոտ եմ մնալու։ Կորցնելու և սգալու երկիր է հայրենիքս․․․անվերջ մեկին սպասելու կարոտ է հայրենիքս»․ տողերի հեղինակը ՀՊՄՀ Հոգուստի մոդելավորման բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Մարգարյանն է։

Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ ուսանողուհու՝ «Ձեռքդ դիր սրտիդ․ ես այնտեղ եմ» խորագրով գրքի շնորհանդեսը։ Այն տպագրվել էր դեռ 2022-ի տարեվերջին, ինչը, հեղինակի խոսքով, իրականացած երազանքի նման մի բան է իր համար։ Շնորհանդեսին ներկա էին պատերազմի մասնակիցներ, զոհված հերոսների ծնողներ, բարեկամներ, դասախոսներ, ուսանողներ։

Միջոցառումը յուրատեսակ ձեռնարկ էր՝ և’ շնորհանդես, և’ հարգանքի տուրք՝ զոհվածներին և պատերազմից վերադարձածներին։ Եղան ելույթներ, հնչեցին բանաստեղծություններ, երաժշտական կատարումներ․ յուրաքանչյուր խոսքում և հնչյունում հայ զինվորն էր, հայրենիքն ու սերը, ինչպես նաև խաղաղություն վաստակելու խոստում։

Ռուզաննա Մարգարյանը 44-օրյա պատերազմից հետո շատ անսպասելի սկսել է գրել՝ թղթին հանձնելով իր ապրումներն ու զգացողությունները, ինչպես նաև մերօրյա հերոսների մասին պատմությունները, որոնք գրի է առել ծնողերի, ընտանիքի անդամների հետ հանդիպմանը։

Երկու տարի տևած աշխատանքը ուսանողուհին տպագրել է սեփական միջոցներով՝ իբրև խորհրդանիշ, որ ինքն իր տեղում է՝ իր գործով նպաստելու զինվորների անունների անմահացմանը։ Ապագա մոդելավորողը վստահ է՝ նույնիսկ իր մասնագիտությունը կարող է ծառայեցնել հերոսների անուններն անմահացնելու համար․ արդեն որոշել է՝ հիմնելու և նրանց անունով է կոչելու կենտրոններ, արվեստանոցներ։

Ռուզաննա Մարգարյանը լիահույս է՝ յուրաքանչյուր ընթերցող գուցե գրքի էջերում գտնի այն բացը, որը հենց ինքը պետք է լրացնի իր ամենօրյա գործով․ «Սիրելի ընթերցող, հիշիր, որ ՀԱՅ ես․ իսկ հայ ծնվում են միայն ուժեղները․․․հայի ճակատին հավերժ փորագրվեց պայքարը»։

Տեղեկատվությունը՝ ՀՊՄՀ պաշտոնական կայքի

Comments are closed.