Նորություններ

ՀՊՄՀ դասախոս Լիլիթ Գրիգորյանը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի 1-ին մրցանակակիր

ՀՊՄՀ դասախոս Լիլիթ Գրիգորյանը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի 1-ին մրցանակակիր

03.04.2023

Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Լիլիթ Գրիգորյանը «ՀՀ վարչապետի գավաթ 2023» մրցաշարում արժանացել է 1-ին մրցանակի։

Պարգևատրման արարողությունը մեկնարկել է սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլով, որտեղ էլ ՀՊՄՀ դասախոսը հաղթանակ է տարել 41 տարեկանից բարձր տարիքային խմբում։

Լիլիթ Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալի, ինչպես նաև պարգևատրվել խորհրդանշական գավաթով և մեկ միլիոն դրամական պարգևով։ Մրցանակը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Ի դեպ, Լիլիթ Գրիգորյանը կրկնակի գավաթակիր է․ նա նույն մրցաշարում 1-ին մրցանակի էր արժանացել նաև նախորդ տարի։

ՀՊՄՀ դասախոսը երկար տարիներ եղել է պրոֆեսիոնալ սպորտում, ունեցել բազմաթիվ ձեռքբերումներ․ բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ։

«Երբ որպես մարզիկ պրոֆեսիոնալ սպորտում առաջնային դիրքերում ես լինում, ցանկություն կա պահել առաջատարի տիտղոսը։ Դժվար մրցակցություն էր․ մրցակիցս նույնպես սպորտի վարպետ էր»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Գրիգորյանը։ Վստահ է՝ սեղանի թենիս մարզաձևը մրցաշարում ներառելը կնպաստի սպորտաձևի մասսայականացմանը։

Մասնակիցներին և հաղթողներին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր խոսքում կարևորել է ինչպես մրցաշարի անցկացումը, այնպես էլ մրցաշարում սեղանի թենիսի՝ որպես մարզաձևի ներգրավումը, որը կնպաստի առողջ ապրելակերպի, ինչպես նաև մրցակցային ոգու զարգացմանը։

Comments are closed.