Նորություններ
Ֆիլմ՝ «Տաղ. հոգու ճանապարհ»
06.04.2023
Ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» կինոնկարի հիմքում Գրիգոր Նարեկացու տաղերն են, որոնք թատրոնի և կինոյի ականավոր դերասանների շնորհիվ ներկայացվում են նոր ոգով ու շնչով:
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի նախաձեռնությամբ կյանքի կոչված ֆիլմը հանդիսատեսը կարող է դիտել Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ապրիլի 5-6-7-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Հիմնադրամն ավելի վաղ ազգային ձայնադարան է ստեղծել և ձայնագրել է հայ երգարվեստի բացառիկ նմուշներ, այդ թվում Նարեկացու այն տաղերը, որոնք ներառվել են ֆիլմում:
Ծավալուն նախագծում ընդգրկված են հայ թատրոնի և կինոյի լավագույն դերակատարներից Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Թոփալյանը, Ռոզի Ավետիսը: Կինոնկարը կոմերցիոն բնույթ չունի: Բացի Նարեկացու հինգ տաղից, ներառված է երկու միջնադարյան տաղ, որոնց հեղինակները հայտնի չեն, և որոնք գրի է առել Կոմիտասը:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի տարբեր վանքերում: Ընտրել են միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց համարվող Հնեվանքը, Սուրբ Մինաս եկեղեցին, Գեղարդը, Սանահինը և այլն: Տաղերից զատ, այս ֆիլմով մեծացնում են նաև մշակութային հուշարձանների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը:
Ստեղծագործական կազմի խոսքով՝ Նարեկացին միջնադարյան պոեզիայի բարձրակետն է, առեղծվածային պոետ, որի տաղերով սկսվել է վերածնունդը հայ մշակույթում: Նարեկացուն ըստ արժանվույն ներկայացնելու համար անհրաժեշտ է եղել գտնել խոսքի իրական վարպետների:















