Նորություններ

Պարգևատրվեցին 2022 թվականի «Լավագույն ուսանող»-ները

Պարգևատրվեցին 2022 թվականի «Լավագույն ուսանող»-ները

06.04.2023

ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցավ 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Լավագույններին հավաստագրերը հանձնեց ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը, շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար, ընդգծեց՝ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթելը պատվաբեր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող Է:

Նախարարն ուսանողներին մաղթեց, որ հաղթանակը նրանց մասնագիտական և քաղաքացիական ճանապարհին խթան հանդիսանա առաջ գնալու, նորանոր հաջողություններ ունենալու համար. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր շրջապատում արդեն իսկ ապացուցել է, որ այսօրվա մրցույթի արդյունքը պատահական չէ և օրինաչափ է: Հուսով եմ, որ կշարունակեք նույն ոգով»:

Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվել է բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ ոլորտներում, ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով։

ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանող:

Հայագիտության ոլորտում 2-րդ և 3-րդ հորիզոնականներն են զբաղեցրել ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի 4-րդ և 2-րդ կուրսի ուսանողներ Մերի Առաքելյանն ու Կարլեն Նազարյանը, իսկ մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ հորիզոնականը՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գոռ Մելիքսեթյանը։

Ապագա բանասեր Մերի Առաքելյանի համար անակնկալ էր հաղթողների ցանկում տեսնել իր անունը։ Հաղթանակը պարտավորեցնող է․ գիտակցում է, որ անկախ հաջողության ճանապարհին հանդիպած խոչընդոտների, չպետք է կանգ առնել․ «Տևական ժամանակ առաջնորդվում է Դեյլ Քարնեգիի հայտնի կարգախոսով՝ եթե հաջողության վերելակը չի աշխատում, փորձեք աստիճաններով բարձրանալ` քայլ առ քայլ»,-apsu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ ուսանողուհին։

Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթում 1-ին տեղը զբաղեցրել էր 13 ուսանող, որոնց շնորհվել է 458.000-ական դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած 12 ուսանող ստացել է 348.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողի տրվել է 233.000-ական դրամ կրթաթոշակ:

Տեղեկատվությունը՝ www.aspu.am

Comments are closed.