Նորություններ

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը

28.04.2023

Ապրիլի 28-ից մայիսի 17-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը: Մասնակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Լեհաստանը և Վրաստանը: Կուցադրվի 20 մոնոներկայացում, 7-ը՝ միջազգային ծրագրում։

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 28-ին՝ ժամը 20։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացվի փառատոնի նոր պաշտոնական կայքը։ Բացման արարողության ընթացքում մի շարք թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո» հուշամեդալով։

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։ Միջազգային ծրագրում հանդես կգան Անտոն Մոզգալյովը «Դահիճը» (ՌԴ), Յուլիա Կուդրյաշովան «Այն մեկին ո՞վ գիտի» (Ղազախստան), Նազգյուլ Կարաբալինան «Մոնո» (Ղազախստան), Դմիտրի Նիկոլայենկոն «Հեզը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին «Ագնեսը․ Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի հայ երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործեր, որոնք առաջին ինքնուրույն քայլերն են անում դեպի մեծ բեմեր։

Comments are closed.