Նորություններ
Մայիսի 7-ը ռադիոյի օրն է
07.05.2023
Համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ մայիսի 7-ն ամրագրվեց որպես ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականի հենց այդ օրը Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին փորձարկումը: 1926 թվականին ռադիոն խոսեց նաև հայերեն: Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը: Նույն թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց ռադիոյի օրը: Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում ևս մայիսի 7-ը կարևորվում է նախ և առաջ որպես ռադիոյի օր:
Մանկավարժական համալսարանի ռադիոն կոչվեց Ֆամա՝ ամեն ինչ լսող և ամեն ինչ տեսնող հունական աստվածուհու անունով: Ռադիո Ֆաման իր գործունեությունը սկսել է 2013-ի նոյեմբերի 1-ից:
Ռադիո Ֆամայի հաղորդացանցի այսօրվա բոլոր հաղորդումների հեղինակները հենց ուսանողներն են՝ իրենց նոր մոտեցումներով ու երիտասարդական շնչով: Դրանք միտված են բացահայտելու համալսարանի երիտասարդ սետածագործողներին, անդրադառնալու ուսանողներին անհանգստացնող ու հետաքրքրող ամենատարբեր հարցերին, ողջունում է շնորհալի ու տաղանդավոր երիտասարդների նախաձեռնությունները:
Ռադիո Ֆաման շնորհավորում է գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում անխափան հեռարձակումներ, նոր ձեռքբերումներ և հաջողություններ։















