Նորություններ
«Պարում է Հայֆիլմը»․․․․
23.05.2023
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի բաժնի 4-րդ կուրսի պետական ավարտական քննություն-համերգը։
«Խաթաբալա», «Կտոր մը երկինք», «Առաջին սիրո երգը», «Սողոմոնի երգեր», «Մայրիկ», «Զանգեզուր», «Սայաթ Նովա» և այլ ֆիլմերի համանուն պարային բեմադրություններ՝ նորին մեծություն պարի լեզվով․ «Պարում է Հայֆիլմը» խորեոգրաֆիկ ներկայացումը նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին։
Յուրքանչյուր ուսումնական տարեվերջ նշանավորվում է «Պարարվեստ» բաժնի ավարտական կուրսի ուսանող-շրջանավարտների հիշարժան խորեոգրաֆիկ ներկայացումներով․ մշակութային իրադարձություն, որն արժանանում է ավարտական քննական հանձնաժողովի և հանդիսատեսի բարձր գնահատականին։
Դոցենտ Վերա Ավետիսյանի և դասախոս Տաթևիկ Սիմոնյանի անմնացորդ նվիրումի, հսկայածավալ աշխատանքի և մասնագիտական ղեկավարման արդյունքում՝ ուսանողների կատարմամբ ներկայացվեցին պարային ստեղծագործություններ, ցուցադրելով անհատական և խմբային կատարողականության պրոֆեսիոնալ մակարդակ, որին նրանք հասել են ուսումնառության 4 տարիների ընթացքում։
«Ասում են՝ ցանկացած պետության անվտանգության երաշխավորը այդ երկրի բանիմաց և կիրթ ուսանողն է։ Այդ համատեքստում ավելացնում եմ, որ մեր պետության անվտանգության և ինքնության երաշխավորը նաև պարուսույց-մանկավարժն է, որը հայկական պարարվեստի ողջ զինանոցով մտնելու է տարբեր կրթօջախներ, իր գիտելիքները, հմտություններն ու կարողություններն է փոխանցելու սերունդներին, սաներին՝ պահելով մեր ազգային մշակույթն ու նրանց փոխանցելով հայի ինքնությունը»,- նշեց Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանն ու խոստովանեց՝ ամեն տարի հուզվում է․ կարծես՝ ինքն է ավարտում։
Պրոֆեսոր Գևորգյանը կարծում է, որ հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված առավել ոգեղեն, մշակութային ու ազգային իրադարձություն դժվար թե լինի։
Իրեն մնում է երախտիքի, գնահատանքի, մեծարանքի, փառաբանության խոսքն ասել ուսանողներին, որոնց բոլորին գերազանց է գնահատել։
Կարեն Գևորգյանը բուհի ղեկավարի անունից շնորհավորեց 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտներին՝ մաղթելով մշակութային խիզախումներ՝ հանուն հայ մշակույթի և հայ մանկավարժության։