Նորություններ
Վերաբացվել է Ռուսական արվեստի թանգարանը
19.06.2023
Վերաբացվել է Ռուսական արվեստի թանգարանը՝ այցելուներին ներկայանալով նորացված մշտական ցուցադրությամբ:
Այն հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Այն անգին նվերն է իր պատմական հայրենիք Հայաստանին։
Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարևոր և առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և բեմանկարչության վարպետների գործերը։
Ցուցադրված են այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Կ. Սոմովը, Վ. Բորիսով-Մուսատովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Բ. Կուստոդիևը, Ա. Բենուան, Ն. Գոնչարովան, Կ. Պետրով-Վոդկինը, Ն. Ռերիխը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Մ. Սարյանը, Զ. Սերեբրյակովան, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և այլն։ Հեղինակները ներկայացված են ըստ անդամակցած արվեստի միությունների՝ «Արվեստի աշխարհ», «Երկնագույն վարդ», «Բուբնովի վալետ», «Ավանակի պոչ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:
Ռուսական արվեստի թանգարանն իր նշանակությամբ կարելի է դասել ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների շարքին։















