Նորություններ
Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները
15.07.2023
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 15-ին Կինոյի տանը եզրափակվեց Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը:
Փառատոնի փակմանը Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ «Արծաթե ծիրան» ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը», հատուկ հիշատակման արժանացավ Զառա Դվինգերի «Փոքրիկը»։
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», «Արծաթե ծիրան»-ի՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։
FIPRESCI մրցանակը տրվեց Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին» կինոնկարին:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն նաև ստացավ Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակը։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան» ստացավ Արման Այվազյանի «Քարերը» վավերագրական ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։
Փառատոնի հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանձնվեց հատուկ մրցանակ Թոմեր Հայմանի «Ես չեմ» ֆիլմին։
Փառատոնի փակման երեկույթի գործընկեր Freedom Broker Armenia-ի մրցանակ ստացավ Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» կինոնկարը:
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ ականավոր կինոռեժիսոր Լավ Դիասը արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին։















