Նորություններ

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

20.07.2023

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում: Մշեցի դարբին Կարապետի ու կարսեցի քահանայի դուստր Սոֆոյի որդին հետագայում Ջաջուռը պիտի վերածի մի էպիկենտրոնի, որտեղից սկիզբ էր առել այդքան ինքնատիպ գեղանկարչությունը: Փանոս Փերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ, Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա. այս հաստատությունները հղկեցին և ուղի տվեցին տաղանդի այն չափաբաժնին, որը գեներում էր ամբարված:

Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն … Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։

Բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում: Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-74  թվականներին:  Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի ‌։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանարները։

Հայրենի Ջաջուռում 2005-ից վերաբացվել է Մինասի Տուն-թանգարանը, որը փլվել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Մինչև 2008 թվականը թանգարանում ցուցադրվում էին բացառապես կրկնօրինակներ։ 2008-ին թանգարանում բացվեց նկարչի բնօրինակների ցուցադրությունը՝ շուրջ 30 կտավ, որը ամենամեծաքանակն է Հայաստանում։

Մինասի նկարները ցուցադրվում են նաև Հայաստանի Ազգային Պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Ռուսասատանի այլ պատկերասրահներում, Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Comments are closed.