Նորություններ
Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթողներից է
25.07.2023
Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթողների թվում:
Մրցույթին ներկայացվում են Եվրոպայի շուրջ 50 երկրի պատմություններ։ Այս տարի Հայաստանից ներկայացվել է շուրջ 10 պատմություն։ Առաջին անգամ Հայաստանից ներկայացված պատմությունը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Հեքիաթի դեսպանները» կրթական ծրագիրը հաղթողների շարքում է, որը կստանա 10 000 եվրո դրամաշնորհ՝ կրթական ծրագրի զարգացման համար։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ժառանգության պահպանմանն ու մշակութային փոխըմբռնմանը նպաստող նախաձեռնությունների շրջանակում «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը հրավիրում է տարբեր մշակույթների մարդկանց՝ այցելել և հեքիաթ պատմել իրենց մայրենի լեզվով:
«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցող կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ իրենց նախագծերի, նախաձեռնությունների և գործունեության վերաբերյալ պատմություններ հավաքելու միջոցով։ Պատմությունները պետք է վերաբերեն ժառանգությանը և կարող են բաժանվել թեմատիկ չորս խմբի՝ նյութական ժառանգություն, ոչ նյութական ժառանգություն, բնության ժառանգություն, թվայնացված ժառանգություն։















