Նորություններ
06.09.2023
Երևանում սեպտեմբերի 8-ից կմեկնարկի Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ը:
Բիենալեի շրջանակում աշխարհի 53 երկրի 231 փորագրանկարչի 355 գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված աշխատանքները կներկայացվեն մեկ հարթակում:
Փառատոնի նախնական փուլին ներկայացվել են 1500 աշխատանքներ, ինչը խոսում է փառատոնի միջազգային կայացման, ճանաչման և միջազգային հանրության կողմից այն կարևորելու մասին:
Բիենալեի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերի 12-17-ը Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» միջազգային համաժողովը, որին ներկա են գտնվելու և կրթական բաղադրիչի գերակայությունը և անհրաժեշտությունը ապահովելու են 30 երկրից փորագրանկարչության ավելի քան 50 փորձագետ։
«Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու 2023թ.-ի սեպտեմբերի 8-ին ժամը 19:00-ին «Ազնավուր» կենտրոնում:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայանալու է 2023թ.-ի սեպտեմբերի 11-ին ժամը 19:00-ին «Ազնավուր» կենտրոնում: Բիենալեն տևելու է մինչև նոյեմբերի 8-ը, մուտքն անվճար է:















