Նորություններ

Մանկավարժականը կաջակցի Արցախից տեղահանված քաղաքացիներին

Մանկավարժականը կաջակցի Արցախից տեղահանված քաղաքացիներին

25.09.2023

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողներից համալրված առաջին խումբն այսօր մեկնեց Սյունիքի մարզ՝ հոգեբանական, մասնագիտական, հանրօգուտ աջակցություն ցուցաբերելու և օժանդակելու Արցախից բռնի տեղահանվածների կարիքներին։

ՀՊՄՀ-ն, համագործակցելով մի շարք գերատեսչությունների հետ, օպերատիվորեն արձագանքում է վերջին տարիներին նման իրավիճակներում քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու, կարիքները գնահատելու և աշխատանքն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Հեռախոսազանգերը չեն դադարում․կամավորական աշխատանք, մասնագիտական ծառայություններ իրականացնել ցանկացողների թիվը մեծ է։

ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ ընտրությունը կատարում են հաշվի առնելով մասնագիտական-հոգեբանական կարիքները, մի քանի տասնյակ դիմումներ կան նաև ուսանողների կողմից․ կարիքների գնահատումից հետո նրանք կհամալրեն իրենց շարքերը։

Հակոբ Թադևոսյանը հավաստիրացրեց՝ կգործեն ՀՊՄՀ-ի առաքելությունից բխող հիմնական գերակա ուղղություններով․ անհրաժեշտության դեպքում կաշխատեն այլ բնակավայրերում ևս․ «Մանկավարժական համալսարանի, մասնավորապես՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի փորձառու դասախոսները ինչպես ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրել են կամավորական աշխատանք և մասնագիտական ծառայություն ամենատարբեր ուղղություններով: Սյունիքում նախատեսում ենք իրականացնել հոգեբանական-վերականգնողական աշխատանքներ, հոգեբանական ծառայություններ։ Այս օրերին կազմակերպվում են նաև հոգեբանական աջակցմանն ուղղված սեմինարներ»։

Նա կարևորեց հոգեբանական դիագնոստիկ աշխատանքների իրականացումը՝ թիրախային խմբերը վերհանելու, անհրաժեշտ մասնագիտական հմտություններով ուղղորդվելու համար։

Հակոբ Թադևոսյանը տեղեկացրեց, որ մեթոդիկաների ճիշտ իրականացման համար, ուսանողների հետ ևս տարվում են որոշակի խորհրդատվական աշխատանքներ, թրեյնինգներ։ Վերջինս տեղեկացրեց՝ աջակցման խմբերում ներառել են բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներին և մագիստրոսներին, որոնցից շատերը կրթությանը զուգահեռ ունեն նաև մասնագիտական փորձառություն․ «Նախադպրոցական և դպրոցական տարիքի տեղահանված երեխաների համար նախատեսված են դասապատրաստումներ, կկազմակերպվեն ժամանցային փոքրիկ միջոցառումներ՝ զբաղվածության խնդիրը լուծելու համար»։

Ի դեպ, Մանկավարժականից Սյունիքի մարզ մեկնելու պատրաստակամություն են հայտնել նաև բուհի առաջին կուրսերի ուսանողները՝ ներգրավվելու հանրօգուտ աշխատանքներում։

Comments are closed.