Նորություններ
ՀՊՄՀ ռեկտորի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2023
Սիրելի՜ ներկա և ապագա ուսուցիչներ, կրթության ոլորտի մշակներ, ի սրտե շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուսուցիչը եղել է և պիտի լինի ամենահեղինակավոր մարդը հասարակության մեջ, առավել ևս՝ մեզանում, երբ այսօր կարիքն ունենք կրթված ու բանիմաց քաղաքացու՝ լուսավոր ապագա կերտելու համար։ Ժամանակն ապացուցել է՝ արագ փոփոխվող աշխարհում հասարակությունները մշտապես ունենալու են ուսուցչի կարիք, քանի որ ուսուցչի նվիրումն անփոխարինելի է։
Վերջին տարիներին հատկապես, երբ հասարակության շրջանում փոխվել է ուսուցչի կերպարի հանդեպ վերաբերմունքը, Մանկավարժական համալսարանը ձգտել է էլ ավելի զինել ուսուցիչների նոր սերունդներին, որոնք կոչված են դպրոց մտնելու մաշտոցյան նույն առաքելությամբ։
Սիրելի՜ ուսուցիչներ, այլ են ժամանակները, ուրիշ են նաև Ձեր առջև դրված խնդիրները։ Այսօր առավել, քան երբևէ, հայ երեխային գիտելիքի հետ մեկտեղ սովորեցրեք մտածել, պատասխանատու լինել ընտրած ճանապարհի, սեփական հայրենիքի համար։ Չնայած այդ դժվարություններին, վստահ եղեք՝ մեծագույն պատիվ է ուսուցիչ լինելը․ շաղ տվեք գիտելիքի սերմերը և տարիներ անց կիրթ ու բանիմաց հասարակության մեջ կտեսնեք Ձեր աշխատանքի և անսպառ նվիրումի արդյունքը։
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մանկավարժական մայր դարբնոցի ուսանողներին՝ ապագա ուսուցիչներին, որոնք արդեն իսկ զինվորագրվել են այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչն է եղել Մեսրոպ Մաշտոցը։
Վերջին օրերն առավել ակնհայտ ապացուցեցին՝ յուրաքանչյուր ուսուցիչ առաջնորդ է, որն անկախ խնդիրներից, լույս ու գիտելիք է սփռում, ուղղորդում դեպի հավատը, սովորեցնում տարբերել իրական արժեքները։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ: Հիշեք՝ ազգն ու պետությունը կանգուն կմնան, երբ ունենանք կիրթ ու բանիմաց սերունդների հերթափոխ։ Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:















