Նորություններ

Մեդալ՝ ՀՊՄՀ ռեկտորին

Մեդալ՝ ՀՊՄՀ ռեկտորին

13.10.2023

Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և եվրոպական մի շարք երկրներից։

Հայկական պետական մանկավարժական համալսարանը գիտաժողովի համակազմակերպիչներից է․ կազմկոմիտեում էր նաև ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։

Ձեռնարկի շրջանակներում հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանը հանդես եկավ զեկույցով, որում անդրադարձավ կրթության համակարգի ժամանակակից մարտահրավերների համատեքստում մանկության հիմնախնդրին։

Ըստ նրա, ամենատարբեր ոլորտների մասնագետներ խոսում են ժամանակակից աշխարհի հարափոփոխ լինելու մասին, ինչը նախևառաջ պայմանավորված է մարդկության, առանձին անհատի, անձի փոփոխություններով․«21-րդ դարի անձի հիմնական բնութագրիչների, առանձնահատկությունների ուսումնասիրումն ու սահմանումը դառնում է գիտությունների, մասնավորապես՝ հոգեբանության և մանկավարժության կարևոր հիմնախնդիր»։

Ի՞նչ է փոխվել երեխայի իմացական ոլորտում, դրանք ի՞նչ դրական և բացասական հետևանքների կարող են հանգեցնել անձի սոցիալականացման գործընթացում, ի՞նչ ուղղություններով վերափոխել կրթության համակարգը, ուսուցման գործընթացի մեթոդաբանությունը, որպեսզի հարմարեցվի ժամանակակից անձի զարգացման և տարիքային փոփոխություններին, ապահովի հաջող և ակտիվ սոցիալականացում.պրոֆեսոր Գևորգյանն իր զեկույցում ներկայացրեց այն երեք հիմնախնդիրները, որոնց շուրջ իրականացվել էր հետազոտությունը։

Սրբուհի Գևորգյանն անդրադարձավ նաև կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հոգեբանական բնութագրերում առկա փոփոխություններին, ծնող-երեխա փոխհարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր մեթոդաբանությանը, նոր երաշխավորություններ մշակելու անհրաժեշտությանը, հանրակրթության ոլորտի՝ 21-րդ դարի երեխայի անհրաժեշտ որակների ձևավորմանը և այլ հիմնահարցերի։

Ի դեպ, գիտաժողովի շրջանակներում Հայ և ԱՄՆ հոգեբանների միության համատեղ որոշմամբ՝ ՀՊՄՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանին շնորհվեց միության պատվավոր մեդալ։

Գիտաժողովի կազմակերպիչ, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն իր խոսքում ընդգծեց ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ գործընկեր բուհերի հետ համագործակցության, փորձի փոխանակման կարևորությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում հոգեբանության գիտության զարգացման տեսանկյունից։

Գիտաժողովի շրջանակում անդրադարձ եղավ փորձարարական, տրավմային, ճգնաժամային, արտակարգ և հետպատերազմյան իրավիճակների հոգեբանությանը, հոգեբանական գնահատմանը, նյարդաբանությանը:

Քննարկվեցին նաև անձի և սոցիալական միջավայրի, կառավարման և կազմակերպական, սպորտի, զարգացման և մանկավարժական հոգեբանության, ներառական կրթության հոգեբանական հայեցակարգերին ու հոգեբանական կրթությանն առնչվող թեմաներ։

 

Comments are closed.