Նորություններ

«Երգեր և ռոմանսներ»․հնչեցին Մարինե Ալեսի երգերը

«Երգեր և ռոմանսներ»․հնչեցին Մարինե Ալեսի երգերը

23.10.2023

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ կայացավ հայ տաղանդավոր երգահան Մարինե Ալեսի՝ «Երգեր և ռոմանսներ» խորագրով վոկալ շարքի համերգը։

Երաժշտասեր հանրության դատին ներկայացվեց նաև երաժշտի՝ վերջերս ստեղծված և հրատարակված ժողովածուն` փոխադրված ձայնի և դաշնամուրի համար, որն իրականացրել էր համերգի կազմակերպիչ, ՀՊՄՀ Երաշտական կրթության ամբիոնի դասախոս Արուսյակ Կոստանյանը։

Նա համերգի սկզբում նկատեց՝ Մարինե Ալեսն իր յուրահատուկ ստեղծագործական անհատականությունն է ներկայացնում երգերում և ռոմանսներում․ ժանրը, որում ստեղծագործում է, դասական և քաղաքային ռոմանսի սահմանագծում է։ Այս երկու ոճային ուղղությունների տարրերն են մեկտեղված նրա երգերում։
Ժողովածուում տեղ է գտել 21 երգ, այդ թվում՝ ռոմանսներ․ խոսքերի հեղինակը նույնպես Մարինե Ալեսն է․դրանք, ըստ Արուսյակ Կոստանյանի, մարդկային մտքի և մուսայի ծնունդ են, հայ ստեղծագործող կնոջ ուղերձը՝ մարդկանց և սերունդներին․«Հեղինակը երգերը ստեղծել է մեղեդու և խոսքի միաժամանակյա միասնության մեջ, երկլեզու՝ հայերեն և ռուսերեն՝ ինքնուրույն բովանդակությամբ»։
ժողովածուն ստեղծվել է մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում՝ Մարինե Ալեսի և տաղանդավոր երգչուհի Ծովինար Ամիրյանի համագործակցությամբ։
Արուսյակ Կոստանյանը նշեց, որ իսկական ստեղծագործական էյֆորիա էր․ Մարինե Ալեսի առաջարկով՝ դաշնամուրային նվագակցությամբ երեք տարի առաջ գրեց երգերը, ստեղծեց կլավիր տարբերակը։

«Երգեր և ռոմանսներ» խորագրով համերգ-շնորհանդեսը բաժանված էր «Նվիրում», «Սեր» և «Հույս» խորագրերով երեք ենթաբաժինների․ՀՊՄՀ-ի դասախոսների և ուսանողների կատարմամբ հնչեցին «Լույսի օրոր», «Իմ բարդիներ», «Վարդագույն քաղաք», «Քնքշանք», «Տարիներ», «Միայնակ ենք», «Վերջին քամի», «Ուշացման կայարաններ», «Առանց քեզ», «Սայլորդ», «Ներիր և մոռացիր», «Երբևիցե», «Հազարան բլբուլ», «Պատրանքի թևով» ստեղծագործությունները։

Comments are closed.