Նորություններ

Այսօր Պիկասոյի ծննդյան օրն է

Այսօր Պիկասոյի ծննդյան օրն է

25.10.2023

Պաբլո Պիկասոն ծնվել է 1881 թվականին Իսպանիայի հարավում՝ Մալագայում: Հայրը՝ Խոսե Ռուիսը, գեղանկարիչ էր: Ընտանիքը տեղափոխվում է Բարսելոն, որտեղ Պաբլոն առանց դժվարության դառնում է տեղի գեղարվեստի դպրոցի սան: 1897թ.-ին մեկնում է Մադրիդ՝ Թագավորական ակադեմիայում սովորելու: Ի դեպ, առաջին իսկ օրից ակադեմիան հիասթափեցնում է ապագա հանճարեղ գեղանկարչին. նա ավելի շատ հաճախում էր Պրադո թանգարան, քան դասերի:

Կանայք և սերը մեծ տեղ են զբաղեցրել հանճարեղ գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի կյանքում: Նրանք նկարչի շուրջ պտտվում էին, ինչպես թիթեռները՝ մոմի բոցի: Իսկ նրանցից յոթը հսկայական ազդեցություն են թողել Պիկասոյի և նրա ստեղծագործական կյանքի վրա: Մինչդեռ նկարիչը չի երջանկացրել նրանցից և ոչ մեկին: Նա ոչ միայն նրանց «հաշմում» էր իր կտավներում, այլև հասցնում հուսահատության, խելագարության, ինքնասպանության դուռը:

Մի քանի հետաքրքիր փաստ Պիկասոյի մասին․

  • Նկարչի ամբողջական անունն է՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո Դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա Դե Լոս Ռեմեդիոս Սիմպրիանո Դե Լա Սանտիսիմա Տրինիդատ Մարտիր Պատիսիո Ռուիս Ի Պիկասո:
  • Նրա ծնողներն ընդունել են որդուն Իսպանիայի լավագույն գեղարվեստի ակադեմիան, բայց կամակոր երիտասարդը շուտով թողնում է ուսումը և գնում է Ֆրանսիա՝ ինքնուրույն գրավելու Փարիզը:
  • Փարիզ տեղափոխվելուց հետո սկսնակ նկարիչը երբեմն գումար չէր ունենում վառելափայտ գնելու համար և ստիպված էր լինում վառել սեփական նկարները:
  • Բնորդուհիներ նա ընտրում էր հիվանդանոցներում, թեթևաբարո կանանց շրջանում: Ըստ նկարչի, այդ կանանց հոգնած և տանջված դեմքերը ոգեշնչում էին իրեն:
  • Կյանքի ընթացքում Պիկասոն ստեղծել է ավելի քան 20 հազար նկար:
  • Ամենաթանկ նկարներից մեկը, որը վաճառվել է 179 մլն դոլարով, եղել է Պիկասոյի վրձնի գործը:
  • Տունը, որտեղ ծնվել է Պաբլո Պիկասոն, հիմա նրա անվան թանգարանն է: Այն գտնվում է Մալագայում:
  • Նա հայտնագործել է գեղանկարչության ժանր, որը քննադատներն անվանեցին «կուբիզմ»:
  • Հանճարեղ նկարչի կյանքում շատ կանայք են եղել: Նրա վերջին սերն իրենից փոքր էր 45 տարով:
  • Բացի նկարելուց, Պիկասոն նաև բանաստեղծություններ էր գրում:
  • Պաբլո Պիկասոն եղել է ամենահարուստ գեղանկարիչը պատմության մեջ:
  • Պիկասոն միշտ պնդել է, որ ինքն աթեիստ է:
  • Պիկասոյի հեղինակած նկարներն ավելի հաճախ են գողացվել, քան ցանկացած այլ նկարչի ստեղծագործություն:

Comments are closed.