Նորություններ
Ամփոփվեց Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը
25.10.2023
Հոկտեմբերի 18-22-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցեց Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ հիմնականում ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունը:
Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում մասնավորապես ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Այն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն (մանրամասները՝ armlit.am կայքում): Ծրագրի նպատակը հայ գրականությունը Հայաստանի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի հետ գործակցությամբ:
Հայկական պատվիրակության կազմում էին Հայաստանի ազգային գրադարանի, «Արի», «Առաջին» գրական գործակալությունների, «Արի» գրականության հիմնադրամի, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունների, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները:
Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Հայ կինոյի 100-ամյակին՝ ունենալով թեմատիկ ձևավորում:
Հայկական պատվիրակության ծրագրերը ներկայացվել են նաև քննարկումների և միջոցառումների անցկացման համար նախատեսված տարբեր տաղավարներում։
Միջոցատռումներին ներկա էին ոչ միայն հայ, այլև հիմնականում օտարազգի ընթերցողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ։















