Նորություններ
Բացառիկ կենտրոն Մանկավարժականում
27.10.2023
ՀՊՄՀ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի միջև կնքված պայմանագրի շրջանակներում բուհում ընթացքի մեջ են «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության եզակի կենտրոն հիմնելու աշխատանքները։
Ի դեպ, ծրագրի շնորհիվ ՀՊՄՀ-ում կհիմնվեն և կարդիականացվեն նաև ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, տեխնոլոգիայի, աշխարհագրության և ՏՏ լաբորատորիաները, կստեղծվի և տեխնիկապես կհագեցվի գիտական միջոցառումների և վերապատրաստման սրահ, մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարան:
Ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան՝ կենտրոնը հագեցած կլինի անհրաժեշտ գույքով, լաբորատոր սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով։
Այն միտված կլինի ներկա ու ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը, նորարարական, գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով զինված մասնագետների պատրաստմանը։
Իր տեսակով եզակի կենտրոնը հնարավորություն կտա արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը։
ՀՊՄՀ-ի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի ընթացքում կենտրոնում հնարավորություն կունենան իրականացնել հետազոտություններ՝ հետադարձ կապի հիման վրա առաջարկելով նոր ուսումնամեթոդական ռեսուրսներ։
«Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի շնորհիվ գործող ուսուցիչները հնարավորություն կունենան իրականացնել փորձի փոխանակում և մշտապես վերապատրաստվել` ծանոթանալով ԲՏՃՄ ոլորտի առաջանցիկ մեթոդներին և մոտեցումներին։
ՀՊՄՀ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում՝ ԲՏՃՄ կրթության ոլորտում կիրականացվեն վերապատրաստումներ՝ զարգացնելով սովորող և ապագա մանկավարժների, գործող ուսուցիչների ուսուցչամեթոդական, հետազոտական և ստեղծագործական հմտությունները։
Վերապատրաստումների ընթացքում կպատրաստվեն անհրաժեշտ կարողություններով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք բուհում կիրագործեն վերոնշյալ բարեփոխումները, կապահովեն ծրագրի շարունակականությունը:
Այսպիսով, գերազանցության կենտրոնը կամուրջ կհանդիսանա արագ արձագագանքելու հանրակրթության բնագավառում իրականացվող փոփոխություններին և ԲՏՃՄ կրթության ոլորտում ամուր ինտերակտիվ կապ կստեղծի մանկավարժական բուհի, դպրոցի և համայնքի միջև։
Հիշեցնենք, որ դպրոցներում ԲՏՃՄ ոլորտում ուսուցչական կազմի համալրման գործընթացը, ինչպես նաև այդ ոլորտում աշակերտների մասնագիտական հետաքրքրությունների ընդլայնումը ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում է։















