Նորություններ
«Ֆամա»-ն 10 տարեկան է
01.11.2023
10 տարի առաջ Մանկավարժական համալսարանն իրականացրեց նորարարական բացառիկ նախագիծ և ուսանողների համար հիմնադրեց համալսարանական ռադիո «Ֆամա»-ն, որն իր հիմնադրման օրից 24/7 սկզբունքով եթերում է՝ www․ radiofama.am հարթակում։
Իր տասնամյա գործունեության ընթացքում «Ֆամա»-ն ոչ մի վայրկյան չլռեց, իրագործեց ապագա լրագրողների և մանկավարժների բազմաթիվ գաղափարներ, նախագծեր, հաղորդումներ։
Հիշեցնենք՝ «Ֆամա»-ն հունա-հռոմեական դիցարանում աստվածուհի է, որն «ամեն ինչ լսում և ամեն ինչ տեսնում է»: Անցնող տասը տարիների աշխատանքի հիմքում եղել է նաև անվան նշանակությունը՝ «տեսնել» և տարբեր հաղորդումների շրջանակներում լսելի դարձնել ոչ միայն համալսարանական խնդիրներն ու առօրյան, այլև կրթական համակարգին և երիտասարդներին հուզող հարցերը:
Բացի այդ, «Ֆամա»-ն ունի մեկ այլ կարևոր առաքելություն ևս՝ հարթակ հանդիսանալ բուհի լրագրության բաժնի ուսանողների՝ ապագա լրագրողների համար․ մինչ ուսումնառության ավարտը նրանք ունենում են գործնական պատրաստվածություն և հենց ռադիո Ֆամայում ծանոթանում ռադիոլրագրությանը՝ նյութի խմբագրումից մինչև հաղորդման պատրաստում և մոնտաժ։ Նկատենք, սակայն, որ ռադիո Ֆաման հյուրընկալել է նաև Մանկավարժականի՝ այլ մասնագիտությամբ ուսանողներին, որոնք իրենց պատրաստած հաղորդումներով նոր շունչ ու երանգ են հաղորդել հաղորդացանցին։
www.radifama.am-ն այն հասցեն է, որին կարող են և միանում են աշխարհի մի քանի տասնյակ երկրներից, ունկնդրում բազմաոճ երաժշտություն, ստանում բազմակողմ տեղեկատվություն, հետևում բուհի առօրյային, ծանոթանում ուսանողների մասնագիտական ունակություններին, տարբեր հաղորդումների հյուրերի տեսակետներին և մոտեցումներին։
Այսօր էլ տասնամյա հոբելյանը տոնող ռադիո «Ֆաման» ունի սպասված հաղորդումներ, նոր գաղափարներ և մտահղացումներ։ Ռադիո Ֆամայի աշխատակազմը սիրով սպասում է առաջարկների՝ բարելավելու, էլ ավելի հետաքրքիր դարձնելու աշխատանքը, արդարացնելու աշխարհի տարբեր կողմերից մեզ միացող ունկնդիրների սպասելիքները։















