Նորություններ

Բացվեց «Հայաստան․Ավետյաց երկիր» խորագրով ցուցահանդես

Բացվեց «Հայաստան․Ավետյաց երկիր» խորագրով ցուցահանդես

03.11.2023

«Հայաստան․ Ավետյաց երկիր»․ այս խորագիրն է կրում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Սևադայի լուսանկարչական ստեղծագործությունների ցուցադրությունը, որի բացումն այսօր կայացավ Մանկավարժական համալսարանում։

Արագածի լանջին, Հաղպատ, Ապարանի լիճ, Շուշվա ձոր, Ճամբարակ, Լույս Ղարաբաղ, Արարատ․ լուսանկարչի աշխատանքներում իրեն հատուկ խորությամբ ու գունագեղությամբ ներկայացված է մեր հայրենիքը՝ իր գողտիկ անկյուններով ու տեսարաններով՝ ոսկե դաշտերից, ծաղկած քարերերից մինչև արևային հովտի սերենադ։

Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը նկատում է՝ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի կենսագրությանը շատերն են ծանոթ։ Հայ մշակույթը հանրահռչակող արվեստագետը վաղուց արդեն իր ուրույն տեղն է հաստատել հայ գեղարվեստական լուսանկարչության ասպարեզում, նաև ամբիոնի լավագույն դասախոսներից է, որը շարունակում է ձևավորված ավանդույթներն ու իր փորձառությունը փոխանցում մատաղ սերնդին։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորում է հերթական մշակութային ձեռնարկի անցակցումը բուհում և նշում՝ ցուցադրված լուսանկարները յուրովի են արտացոլում կրթության, ժամանակակից կյանքի և արվեստի, գեղարվեստական լուսանկարչության չափանիշները․ դրանք այսօր կրթության ոլորտում, մասնագետների պատրաստման գործընթացում կարևորագույն չափանմուշ են ուսանողների համար։

Զարմանալի, ինքնատիպ բանաստեղծ, ոչ մեկին չկրկնող լուսանկարիչ, գեղանկարիչ, մտավորական ու քաղաքացի, որն իր գործունեությամբ բացահայտում է իր և շատերի հոգևոր աշխարհի զարմանալի խորքերը․ այսպիսին է Սամվել Սևադան՝ ՀՊՄՀ պրոֆեսոր Համլետ Միքայելյանի դիտարկմամբ։

Սամվել Սևադան սիրում է Հայկական բնաշխարհը, ցուցահանդեսում ներկայացրած գործերը այժմեական է համարում․ դրանք լրացուցիչ հույզեր, մտածելու առիթ և հոգեկան ապրումներ են առաջացնում։

Խոստովանում է՝ չնայած լուսանկարների հեղինակը ինքն է, բայց հայրենիքի անմահացրած տեսարաններն իրեն ևս հաճախ են հուզում։

Լուսանկարիչը ցավով է նկատում է՝ նոր սերունդը անտարբեր է դարձել․ պատրաստվում է հունվարի վերջին իր և ուսանողների գործերից մի քանիսը տանել ԱՄՆ-ում կազմակերպվելիք ցուցահանդեսին՝ հայ լուսանկարչական արվեստը հանրահռչակելու նպատակով նաև։

«Կարևոր չէ՝ քանի հոգի կդիտի ցուցահանդեսը․եթե անգամ 20-25 մարդու վրա իմ աշխատնքները տպավորություն թողնեն, արդեն լավ է»,- նշեց Սամվել Սևադան։

Comments are closed.