Նորություններ
Երևանում անցկացվում է «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը
01.12.2023
Դեկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր հոբելյանական 20 ամյակը:
Փառատոնն իրականացվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ, «Կին» կինոփառատոնը կներկայացնի «Կինը հայ կինոյում» ֆիլմը՝ նվիրված հայ կինոյի այլընտրանքային պատմությանը՝ հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։
Ֆիլմը կներկայացվի փառատոնի բացմանը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք-Ադամյան 2/2)։ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կցուցադրվեն նաև խորհրդային և հետխորհրդային տարիների ընթացքում աշխատած կին-ռեժիսորների՝ Արշա Օվանեսովայի, Սեդա Պումպյանսկայայի, Ռուզաննա Ֆրանգուլյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։
Փառատոնի ծրագրերում կներկայացվեն 53 ֆիլմ՝ 20 երկրից։ Մրցութային ծրագրից բացի, առանձին ծրագրում կցուցադրվեն նաև փառատոնի հյուրերի ֆիլմերը:
Այս տարի առաջին անգամ փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակները։
Փառատոնին ներկա են լինելու արտերկրից ժամանած մասնակիցներ, որոնց հետ նախատեսվում է հարց ու պատասխան՝ ֆիլմերի ցուցադրություններից հետո։















