Նորություններ
«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
07.12.2023
Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։
Տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը պահպանող և սերնդեսերունդ փոխանցող արհեստավոր ընտանիքներին, անհատ դարբիններին, դարբնությունը որպես կիրառական արվեստ-արհեստի ճյուղ դասավանդող մասնագիտական կրթական հաստատություններին, գեղարվեստական դարբնության նմուշները որպես քաղաքային մշակույթի յուրահատուկ տարր պահպանող ու ցուցադրող թանգարաններին, Գյումրի քաղաքի արհեստագործական ավանդույթների պահպանմամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և լայն առումով Գյումրի քաղաքի բնակիչներին, որոնք մինչ օրս պահպանում են դարբնոցում վարպետների պատրաստած իրեր պատվիրելու և գործածելու ավանդույթը։
Հատկապես կարելի է առանձնացնել Պապոյանների, Մարտիրոսյանների, Մնոյանների ընտանիքները, որոնք արդեն 5-6 սերունդ պահպանում ու փոխանցում են դարբնությունը ընտանիքում՝ պապից հորը և հորից որդուն։
«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևոր իրադարձություն է Գյումրի քաղաքի մշակույթի արժևորման ուղղությամբ, մասնավորապես արհեստագործության այնպիսի ճյուղի, ինչպիսին դարբնությունն է։
Տարրի գրանցումը ցանկում մեկ անգամ ևս արժևորում է Գյումրի համայնքը, տոհմիկ դարբինների վարպետությունն ու գիտելիքը: Այն կնպաստի դրանց զարգացմանն ուղղված նոր գաղափարների ու ծրագրերի իրականացմանը՝ բարձրացնելով դարբնության միջազգային ճանաչելիությունը: