Նորություններ

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

28.12.2023

Սիրելի՜ աբովյանականներ,

Ավարտին է մոտենում 2023 թվականը։ Այն բուհի համար աչքի ընկավ ինչպես դժվարություններով և բարձրագույն կրթության ոլորտի նոր մարտահրավերներով, այնպես էլ նոր նախաձեռնություններով և գաղափարներով։

Անցնող տարում կյանքի կոչվեցին ուսումնական և գիտական, ուսանողական և միջազգային մի շարք ծրագրեր։ Դրանք մեզ պարտավորեցրին սահմանել կրթության կազմակերպման նոր նշաձող՝ համընթաց քայլելու մանկավարժական բարձրագույն կրթության առկա մարտահրավերներին և պահանջներին։

Մեկդարյա պատմություն ունեցող բուհն արդեն իսկ ապացուցել է՝ մեր առաքելությունն անփոփոխ է, դա իրագործելու օրակարգը՝ անշեղ։

Մանկավարժն այսօր առավել, քան երբևէ, երկրի համար թիվ մեկ մասնագետն է, բոլոր մասնագետներին սովորեցնողը, վաղվա երաշխավորը։ Եկե՛ք ինքներս մեզնից սկսենք մանկավարժի, ուսուցչի բարի համբավը վերարժևորելու գործը, անտրտունջ և միասնական ջանքերով հաղթահարենք կրթական համակարգի փոփոխություններն ու առաջարկները․ այդ է պահանջվում ժամանակակից ուսուցչից։

Սիրելի՜ ապագա մանկավարժներ,հազարավոր ուսուցիչներ հպարտությամբ են կրում իրենց վեհ կոչումը։ Համալրե’ք նրանց շարքերը, զինվորագրվե’ք այդ հզոր բանակին, որի զենքն անվրեպ է մեր երկրի ապագա քաղաքացուն կերտելու ու կրթելու կարևորագույն գործում։

Տարեմուտը լավ առիթ է ամփոփելու անցնող տարին, բայցև նախանշելու հաջորդ տարվա անելիքները, ուղիները։ Եկեք յուրաքանչյուրս մեր տեղում ամենօրյա աշխատանքով և պատասխանատվության ավելի բարձր զգացումով մոտենանք կրթությանը, աշխատանքին՝ ի նպաստ հայրենիքի խաղաղ ու բարօր ապագայի․ մենք պարտավոր ենք հարատևել, ավելին՝ հզորանալ։

Վստահեցնում եմ, որ Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը կշարունակի իր ուսանողակենտրոն քաղաքականությունը, կբազմապատկի իր ջանքերը՝ կյանքի կոչելու առաջընթաց ապահովող ծրագրերը։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Մաղթում եմ խաղաղություն և առողջություն, սեր և երջանկություն, ուրախ օրեր և նվաճումներ։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր

Սրբուհի Գևորգյան

Comments are closed.