Նորություններ

Երևանյան փողոցներից մեկը կկրի Յուրի Երզնկյանի անունը

Երևանյան փողոցներից մեկը կկրի Յուրի Երզնկյանի անունը

28.12.2023

Երևանի ավագանու որոշմամբ՝ Դավթաշենի 7-րդ փողոցն այսուհետ կկրի մեծանուն հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀՊՄՀ Ռեժիսուրայի ամբիոնի երկարամյա վարիչ Յուրի Երզնկյանի անունը։

Նա անգնահատելի ավանդ ունի ինչպես հայ կինոժառանգության, այնպես էլ մանկավարժության ոլորտներում՝ կրթելով ռեժիսորների տասնյակ սերունդներ։

Յուրի Երզնկյանի որդին՝ ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանը, aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ փողոցները հայ ազգի մեծերի անուններով կոչելը նրանց վաստակը գնահատելու, արժևորելու յուրատեսակ քայլ է։ «Յուրի Երզնկյանը մեծ ավանդ ունի 100-ամյա հայ կինոժառանգության մեջ։ Այս ձեռնարկով մի շարք մեծությունների նման Յուրի Երզնկյանի անունը ևս կփոխանցվի սերնդեսերունդ»,- նշեց Ռուբեն Երզնկյանն ու շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին, որ ընդառաջեց Հայաստանի Կինոգործիչների միության այս նախաձեռնությանը։

Նշենք, որ 2023 թվականին լրացավ հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակը։

Այն նշանավորվեց մի շարք միջոցռումներով՝ թողարկվեց հոբելյանական նամականիշ, կայացավ նրան նվիրված «Յուրի Երզնկյան» գրքի շնորհանդեսը և մեկդարյա հոբելյանին նվիրված այլ միջոցառումներ։

Comments are closed.