Նորություններ

Այսօր է ծնվել «Կարմիր գլխարկ»-ի հեղինակը

Այսօր է ծնվել «Կարմիր գլխարկ»-ի հեղինակը

12.01.2024

1682 թվականի այս օրն է ծնվել ֆրանսիացի հայտնի հեքիաթագիր Շառլ Պեռոն։

Ծնվել է Փարիզում։ Ընտանիքի անդամները ճանաչված մարդիկ են եղել։ Եղբայրներից մեկը հայտնի ճարտարապետ է եղել, մյուսը՝ գիտնական, Շառլը ինքը՝ արքունական շինությունների ճարտարապետ, ֆրանսիական ակադեմիայի անդամ։

1697 թվականին, երբ առաջին անգամ հրատարակվեց հեքիաթների ժողովածուն, Շառլ Պեռոն 69 տարեկան էր, իսկ նրա որդին՝ 17։ Այդ օրվանից սկսած չեն դադարել վիճաբանություններն այն հարցի շուրջը, թե իրականում ո՞վ է հեքիաթների հեղինակը։ Պատճառն այն էր, որ առաջին հրատարակության մեջ որպես հեղինակ, գրվել է նրա որդու անունը՝ Պիեռ դ’ Արմանկուր։ Ի՞նչն է դրդել Պեռոյին անելու այդ։ Արդյո՞ք իր ծերունական հասակից անհարմար զգալը։ Կամ, գուցե, հայր ու որդի, որ սովորություն ունեին գիշերային երկար ժամեր անցկացնելու միասին, հենց այդ ժամերին էլ միասի՞ն էին ստեղծում իրենց հերոսներին, միասին էին գտնում նրանց փրկության ճանապարհն ու միասին էլ կործանում չար ու եսասեր հերոսներին։ Եթե այդպես է, ուրեմն հեքիաթներն ստեղծվել են ծերունի հոր իմաստուն մտքով և երեխայի պարզամտությամբ։ Եվ, որովհետև, հեքիաթները գրվել են սագի փետուրով, հայր ու որդի ժողովածուն վերնագրել են «Իմ սագ մայրիկի հեքիաթները»։ Այն բաղկացած էր յոթ հեքիաթներից՝ «Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Մոխրոտը» և այլն։ Նրանց սյուժեները վերցված են ժողովրդական ստեղծագործություններից։

Շառլ Պեռոն մասնագիտությամբ իրավաբան էր, 1663–95 թվականներին եղել է Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի քարտուղարը, 1621 թվականից՝ ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Առաջին երկը «Տրոյայի պարիսպները կամ Բուռլեսկի ծագումը» (1653 թվական) երգիծական պոեմն է։ «Լյուդովիկոս Մեծի դարը» (1687 թվական) պոեմում, «Զուգահեռներ հների և նորերի միջև արվեստի ու գիտության հարցերում» (1688–97 թվականներ) երկխոսություններում քննադատել է անտիկ դարաշրջանի գրողների տեսակետները լեզվի ու գրականության մասին, «Գովաբանություն կանանց» (1694 թվական) երգիծական երկում բանավիճել է կլասիցիզմի տեսաբան, քննադատ, բանաստեղծ Նիկոլա Բուալոյի հետ։

Պեռոյի հեքիաթների սյուժեներով օպերաներ են ստեղծել Ջակոմո Ռոսսինին՝ «Մոխրոտը», Բելա Բարտոկը՝ «Կապույտ Մորուք դքսի դղյակը», և ուրիշներ, բալետներ՝ Պյոտր Չայկովսկին՝ «Քնած գեղեցկուհին», Սերգեյ Պրոկոֆևը՝ «Մոխրոտը», և ուրիշներ, նկարահանել են մուլտիպլիկացիոն և գեղարվեստական կինոնկարներ։

Comments are closed.