Նորություններ

Հայտնի են 75-րդ «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են 75-րդ «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները

17.01.2024

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության 75-րդ արարողությունը:

«Ժառանգները» սերիալը, ինչպես և 2022 թվականին, պարգևին արժանացել է որպես լավագույն դրամատիկական սերիալ։ Կիրան Կալկինը և Սառա Սնուքը, որոնք նկարահանվել են սերիալում, «Էմմի» են ստացել լավագույն գլխավոր դերերի համար, իսկ Մեթյու Մաքֆեդյենը՝ երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Բացի այդ, դրամատիկական սերիալի լավագույն ռեժիսուրայի համար մրցանակն ստացել է Մարկ Մայլոդը, իսկ լավագույն սցենարի համար՝ Ջեսսի Արմսթրոնգը։

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում հաղթել է «Արջը»։ Կատակերգական լավագույն դերի համար պարգևն ստացել է Ջերեմի Ալեն Ուայթը, իսկ երկրորդ պլանի դերի համար՝ Էբոն Մոս Բաքրաքը և Այո Էդեբիրին. երեքն էլ խաղացել են «Արջը» սերիալում։ Քրիստոֆեր Սթորերն այս սերիալի վրա իր աշխատանքի համար ստացել է երկու մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի և լավագույն սցենարի համար։

Կատակերգական սերիալում լավագույն գլխավոր դերակատարուհի է ճանաչվել Քվինտա Բրանսոնը («Էբոթի տարրական դպրոցը»): Երկրորդ պլանի լավագույն դրամատիկական դերի համար «Էմմի»-ն ստացել է դերասանուհի Ջենիֆեր Քուլիջը («Ճերմակ լոտոս»): Մինի սերիալում լավագույն գլխավոր դերերի համար մրցանակները շնորհվել են Սթիվեն Յոնին և Էլի Վոնգին («Գզվռտոց»);

Բացի այդ, Disney+-ում իր հրաժեշտի համերգի համար «Էմմի» մրցանակի է արժանացել սըր Էլթոն Ջոնը, ինչի շնորհիվ նա ստանում է EGOT («Էմմի», «Գրեմմի», «Օսկար» և «Թոնի» մրցանակների անունով) կարգավիճակ։

«Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության արարողությունը պետք է տեղի ունենար 2023 թ. սեպտեմբերին, սակայն այն 4 ամսով հետաձգվել էր ԱՄՆ-ում սցենարիստների և դերասանների գիլդիայի գործադուլի պատճառով։ Սա առաջին հետաձգումն է 2001 թվականին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչություններից ի վեր:

Comments are closed.