Նորություններ
Հունվարի 27-ին կնշվի Սուրբ Սարգսի հիշատակության օրը
26.01.2024
Վաղը՝ հունվարի 27-ին կնշենք սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը։
Տոնը շարժական է, հանդիպում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվել է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ:
Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում տարածում էր քրիստոնեություն և կառուցում եկեղեցիներ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի է բերվում Սրբի մասունքակիր աջը և Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը։ Մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:















