Նորություններ
Նվեր Ռադիո Ֆամային
02.02.2024
2013 թվականից գործող Մանկավարժական համալսարանի ռադիոն՝ Ֆաման, բազմաթիվ հյուրեր է ունեցել, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել մեր հաղորդումների որակի բարելավման, հետաքրքրության, բազմազանության, ընդհանրապես՝ կայացման գործում։
Այս անգամ ռադիո Ֆամայի հյուրերից մեկի ներդրումը բովանդակայինից անցավ գործնականի։
2023 թվականին մեր հաղորդումների շարքը համալրվեց Նազելի Խաչատրյանի «Կինեգործ» հեղինակային հաղորդմամբ, որի հյուրերից մեկը LATE ընկերության տնօրենն էր։ Այս թողարկման շնորհիվ համալսարանի ուսանողներն ու մեր բազմահազար ունկնդիրները՝ աշխարհի տարբեր երկրներում, հնարավորություն ունեցան իրենց համար բացահայտելու LATE ընկերությանը․ տնօրեն Սուսաննա Ամիրխանյանը ռադիո Ֆամայի եթերում ներկայացրեց իրենց հետաքրքիր ու շատ օգտակար գործունեությունը, որի շնորհիվ երկրորդ կյանք են ստանում տարբեր, առաջին հայացքից անպիտան թվացող իրերը։
Տիկին Ամիրխանյանին անչափ դուր եկավ մեր ուսանողների ձեռքով արված ռադիոյի սենյակի ձևավորումը՝ պատը, և նա մեզ անակնկալ մատուցեց՝ պատի գույներով իրենց պատրաստած պարկ-աթոռ նվիրելով ռադիո Ֆամային։
LATE ընկերությունը բավականաչափ հայտնի է, և այսուհետ էլ ռադիո Ֆամայի հյուրերի և ուսանողների շրջանում կշարունակի անընդհատ հիշեցնել իր մասին՝ նոր շունչ և լավ տրամադրություն հաղորդելով աշխատասենյակին։
Շնորհակալություն ենք հայտնում LATE ընկերությանն ու տնօրեն տիկին Ամիրխանյանին՝ հիանալի անակնկալի համար, և «Կինեգործ» հաղորդաշարի հեղինակ Նազելի Խաչատրյանին՝ հետաքրքիր հյուրերի և բովանդակալից հաղորդումների համար։















