Նորություններ

Ուսանողների ձմեռային հանգիստն՝ Աղավնաձորում

Ուսանողների ձմեռային հանգիստն՝ Աղավնաձորում

08.02.2024

Մանկավարժական համալսարանի 90 ուսանող փետրվարի 1-6-ն իրենց ձմեռային հանգիստն անցկացրին Աղավնաձորի ուսումնական բազայում։

Ինտերակտիվ սեմինար-քննարկումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր, բեմականացումների և հոլովակների ներկայացում, երգ ու պար․ դասերի մեկնարկից առաջ սա հանգստի յուրահատուկ տարբերակ է, որ բուհն իրականացնում է ամեն տարի:

ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը, որի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ձեռնարկը, հանգստի առաջին օրը մասնակիցներին ներկայացրեց հաճելին ու օգտակարը, ակտիվ ու լիարժեք հանգիստը մեկտեղող ծրագիրը։

Աբովյանականները, 6-օրյա հանգստի շրջանակներում, հաղթահարեցին մի շարք փուլեր, մասնակցեցին ֆիլմասերների համար նախատեսված «Կինոման», գրքասերների՝ «Art In», տրամաբանական և Ուսանողական խորհրդին նվիրված քուիզներին, «Սպորտլանդիա»-ին, գուշակեցին քվեսթի հանելուկային հարցերը, կրկնօրինակեցին հայտնի կտավները։ Կազմակերպված խաղերի ընթացքում յուրաքանչյուր ֆակուլտետ ստացավ համապատասխան միավոր։

Խաղերից բացի, Ուսանողական խորհրդի հրավերով, հայտնի սեմինարավարները հարստացրին տարբեր ոլորտներում ունեցած ուսանողների գիտելիքները։

Աղավնաձորի ուսումնական բազայում հյուրընկալվեց նաև Մանկավարժական համալսարանի Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց ուսանող-բուհ հետադարձ կապի կարևորությունը։

Անձնային բրենդի կարևորության, ինքնակենսագրական գրելու հիմնարար կետերի մասին ներկայացրեց և ուսանողների հարցերին պատասխանեց «MAD learning space» կազմակերպության տնօրեն Ռոզա Աբրահամյանը։

Ի դեպ, «Ձմեռային հանգիստ» 2024 ծրագրով մեկնարկեց Ուսանողական խորհրդի 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ առթիվ Ուսանողական խորհրդի և «B2B Marketing» ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Այն կնպաստի ուսանողների ներգրավվածությանը դասընթացների կազմակերպմանը, մասնակցությանը, նոր հմտությունների ձեռքբերմանն ու փոխանակմանը։ Նշենք, որ ՀՊՄՀ ուսանողները դասընթացներին կարող են մասնակցել 20% զեղչով։

Ուսանողական հանգստի շրջանակներում «Էթիկայի դպրոց»-ի տնօրեն Գևորգ Մկրտչյանն ուսանողներին ներկայացրեց՝ ինչ է էթիկան և էթիկետը, խոսեց հաղորդակցման էթիկայի մասին, կիսվեց իր փորձով, պատասխանեց հարցերին։

ՀՊՄՀ Արհեստակցական կազմակերպության նախագահ Էդիկ Գուլյանն ինտերակտիվ սեմինարի ընթացքում խոսեց աշխատանքային իրավունքի մասին։ Ուսանողները խմբային աշխատանքներով մեկնաբանեցին իրենց պատկերացումները, որին հաջորդեցին սեմինարավարի դիտարկումները։

6-օրյա հանգստի ավարտին ամփոփվեցին խմբային միավորները․ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետը, երկրորդը տեղում Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Կուլտուրայի ֆակուլտետը։

Ֆակուլտետների մասնակիցները ստացան հոբելյանական պատվոգրեր, իսկ առաջին տեղը զբաղեցրած ֆակուլտետի ուսանողները կուղևորվեն արշավի՝ իրենց նախընտրած վայրը։

Comments are closed.