Նորություններ
Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրն է
19.02.2024
Այսօր հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ներկայացնում ենք Ամենայն Հայոց բանաստեղծի մասին մի քանի հետաքրքիր փաստ․
1․ Թումանյանի՝ ամերիկյան արտադրության տնային կոշիկները հաճախ էին հայտնվում Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանների ոտքերին: Իսկ կոշիկները հայ դերասանները Թումանյանից փոխարինաբար վերցնում էին Համլետի դերը խաղալու համար: Ներկայացման ժամանակ այս կոշիկներն էր կրում նաև բանաստեղծի մտերիմ ընկեր և Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, ով Շեքսպիրի Համլետի դերը փայլուն էր կատարում:
2․Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:
Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, եւ ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում եւ ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից եւ խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:
Թումանյանի սիրտը հասնում է Երեւանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:
3․ Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:















