Նորություններ

Հայտնի են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության արդյունքները

Հայտնի են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության արդյունքները

11.03.2024

Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը։ Գլխավոր դափնեկիրն է դարձել «Օփենհայմեր» ֆիլմը, որն  ստացել է 7 մրցանակ։

«Օփենհայմեր»-ն (Oppenheimer) արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին, իսկ դրա ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր»։ Դրամայի գլխավոր դերասան Քիլիան Մերֆին ճանաչվել է «Լավագույն դերասան»՝ ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարած Ռոբերտ Օփենհայմերին մարմնավորելու համար։

Ռոբերտ Դաունի Կրտսերն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին։

Էմմա Ստոունն արժանացել է իր երկրորդ Օսկարին՝ ստանալով «Լավագույն դերասանուհի» մրցանակը «Խեղճ դժբախտներ» (Poor things) ֆիլմի գլխավոր կերպարին մարմնավորելու համար։
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը բաժին է հասել Դա’Վին Ջոյ Ռենդոլֆին՝ «Թողնվածները» ֆիլմի համար։

2023 թվականին ամենաշատ եկամուտ բերած «Բարբի» ֆիլմն արժանացել է մրցանակի լավագույն երգի համար (What was I made for?), որը գրել են Բիլլի Այլիշը և նրա եղբայր Ֆիննեաս Օ’Քոննելը։
«Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին արժանացել է Ուկրաինայում ընթացող հակամարտության մասին պատմող «20 օր Մարիուպոլում» ֆիլմը։

Իսկ Հոլոքոստի մասին պատմող «Շահերի գոտի» ֆիլմն արժանացել է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» մրցանակին, իսկ դրա ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերը մրցանակը ստանալիս խոսել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի մասին։

Comments are closed.