Նորություններ
Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է
20.03.2024
2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր։ Նպատակն է ամրապնդել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային է:
Նման օր սահմանելու նախաձեռնությունը եկել է Բութանից: Ըստ շրջանառվող կարծիքի՝ այս երկրի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են և առաջատարը՝ ըստ Համախառն ազգային երջանկության գործակցի (Gross National Happiness Index): Ի դեպ՝ այս գործակցի բուն գաղափարը ներմուծել է Բութանի չորրորդ թագավորը: Այն դարձել է երկրի ոչ պաշտոնական պետական փիլիսոփայության հիմնաքարերից մեկը:
Ըստ մասնագետների՝ երջանկությունն անորսալի երևույթ է, որն ավելի շատ հատուկ է երեխաներին, քան մեծերին: Սակայն հասուն մարդիկ կարող են հասնել իրական երջանկության` կատարելով հոգևոր բնույթի լուրջ աշխատանք:
Հոգեբանների կարծիքով՝ երջանիկ լինելու հարցում մարդուն խանգարում է սեփական անձի ու շրջապատի մշտական վերահսկողությունը, ինչպես նաև նյութական արժեքների վրա ուշադրության կենտրոնացումը:
Մասնագետներն ընդգծել են, որ գոյություն ունի երջանկության 2 տեսակ` նյութական և հոգևոր: Նյութական երջանկությունն իր մեջ ներառում է համեղ սնվելու, սեռական հարաբերություններ ունենալու, ուժ և իշխանություն ստանալու ու նմանատիպ այլ գաղափարներ: Մինչդեռ հոգևոր երջանկությունն այն է, երբ մարդն իրեն ընկալում է որպես հոգի, ծառայում է Աստծուն և զարգացնում հոգին` հասցնելով որոշակի մակարդակի:
Փիլիսոփայության տեսանկյունից հոգևոր երջանկությունը շատ ավելի բարձր ու կարևոր է, քան նյութական երջանկությունը:















