Նորություններ
Այսօր Ծիծաղի միջազգային օրն է
01.04.2024
Հայտնի չէ, թե որտեղ է ծագել Ծիծաղի կամ Հիմարների միջազգային տոնը՝ Ֆրանսիայու՞մ, Անգլիայու՞մ, Մեքսիկայու՞մ, թե՞ Շվեդիայում:
Տոնի ծագման գլխավոր վարկածներից մեկն այն է, որ ապրիլի 1-ը սկզբնապես նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատիկի շրջան: Տոնը մշտապես ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախությամբ: Տոնի ավանդույթն ապրում է նաև այսօր. պատճառը հենց բնությունն է, քանի որ մարդիկ փորձել են գարնան «կամակորությանը» հակազդել կատակներով ու զվարճանքով:
Մյուս տարածված վարկածի համաձայն՝ Ծիծաղի օրվա ծագումը կապված է Գրիգորյան օրացույցին անցման հետ. 1582թ. այն սահմանել է Հռոմի պապ Գրիգորը: Բանն այն է, որ միջնադարում Ամանորը նշվել է ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին՝ մինչև այն ժամանակաշրջանը, երբ թագավոր Կառլոս 9-րդը փոխել է Ֆրանսիայի օրացույցը: Հետևաբար, ամանորյա շաբաթը սկսվել է մարտի 25-ին և ավարտվել ապրիլի 1-ին:
Ինչպես ներկայում, այն հեռավոր ժամանակներում նույնպես ընդունված էր զվարճանալ ամանորյա տոներին: Չնայած օրացույցային փոփոխություններին՝ որոշ պահպանողականորեն տրամադրված մարդիկ շարունակել են ամանորյա տոները նշել հին օրացույցով, մյուսներն են ծիծաղել և ծաղրել են նրանց՝ անվանելով «ապրիլյան հիմարներ»:
Տոնը մեծ տարածում է գտել 18-րդ դարում: Անգլիացիները, շոտլանդացիները և ֆրանսիացիները տարածել են այն իրենց ամերիկյան գաղութներում: Ապրիլի 1-ին ընդունված էր կատակել և միմյանց տալ անհեթեթ կարգադրություններ, օրինակ՝ բերել քաղցր քացախ: