Նորություններ
ՀՊՄՀ ուսանողները Նիդերլանդներում էին
04.04.2024
Երիտասարդական նախագծի նպատակն էր փորձի փոխանակումն ու նոր մշակույթի հետ ծանոթացումը։ Տասնօրյա այցի ընթացքում ուսանողներին հնարավորություն ընձեռվեց լինել Նիդերլանդների մի շարք քաղաքներում, ծանոթանալ տեղի մշակույթին, մարդկանց ապրելակերպին և մշակույթին։ Նրանք եղան համալսարանական Լայդեն քաղաքում, ծանոթացան տեղի ուսանողների հետ։
Մասնակիցները եղան նաև Հաագայում, այցելեցին Հաագայի միջազգային քրեական դատարան և ներկա գտնվեցին Կենտրոնաֆրիկյան Հանրապետության նախկին կառավարության դեմ ուղղված դատավարությանը։ Նրաք այցելեցին նաև Նիդերլանդների խորհրդարան, եղան նիստերի դահլիճի լուսաբաման սրահում, թանգարանում։
Ծրագրի շրջանակում մի շարք քննարկումներ եղան տարբեր երկրներից ժամանած բանախոսների հետ, տարբեր ֆորմատներով զրույցներ անցկացվեցին նաև ծրագրից դուրս մարդկանց հետ՝ թե որոնք են տեղացիների համար եվրոպական արժեքները և ինչն է նրանց զարգացման գաղտնիքը։ Նիդերլանդցի տարեց ամուսիններն ուսանողների հետ զրույցում ընդգծեցին, որ չնայած Եվրոպայում տարածված ժողովրդավարությունը, իրավահավասարությունը և այլ արժեքներն ավելի բարձր մակարդակում են, քան Հայաստանում, սակայն իրենք էլ հայերից սովորելու արժեքներ ունեն։ Առանձնացրին ընտանիքակենտրոն մտածելակերպը՝ որպես հայկական մտածողության առանձնահատկություն։
Ուսանողները ծանոթացան նաև տեղի հայ ուսանողների հետ, եղան Հաագայի «Աբովյան» հայկական մշակութային կենտրոնում, հանդիպեցին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձան Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը։
Ուսանողները վստահեցնում են՝ հայրենիք են վերադարձել նոր գիտելիքներով, եվրոպական արժեքների, ժողովրդավարության, խոսքի և մտքի ազատության մասին նոր պատկերացումներով, պետության և շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի նոր օրինակներով։ Խոստովանում են՝ կանեն հնարավորը մեր երկրում ստացած գիտելիքներն ու փորձառությունը ներդնելու համար։
Տեղեկատվությունը՝ Սիմոն Հովհաննիսյանի
— See more at: https://aspu.am/hy/content/hpmh_usanoghnery_niderlandnerum_ein/#sthash.2nz0aDaS.dpuf















