Նորություններ
Ե՞րբ հնչեց բջջային առաջին հեռախոսազանգը
03.04.2024
Ուղիղ 51 տարի առաջ այս օրը՝ 1973 թ․ ապրիլի 3-ին, աշխարհում առաջին անգամ հեռախոսազանգ է կատարվել բջջային հեռախոսով։
Առաջին հեռախոսազանգն արել է Motorola ընկերության ինժեներ Մարտին Կուպերը, որին նաև անվանում են «բջջային հեռախոսի հայր»։ Նա զանգահարել է մրցակից AT&T Bell Laboratories ընկերության աշխատակից Ջոել Էնջելին, որպեսզի նրան տեղեկացնի, որ օգտագործում է «անձնական, ձեռքում տեղավորվող, շարժական հեռախոս»:
Սարքը, որից զանգել էր Կուպերը, Motorola DynaTAC հեռախոսն էր, որը կշռում էր գրեթե 800 գրամ և ուներ 33 սմ երկարություն։ Հեռախոսն ամբողջությամբ լիցքավորելու համար պահանջվում էր 10 ժամ։
Այդ ժամանակ SMS հաղորդագրությունների մասին դեռ խոսք չկար՝ հեռախոսը կարող էր միայն զանգեր կատարել և զանգեր ստանալ:
Մարտին Կուպերի կիրառած հեռախոսի կոմերցիոն տարբերակը՝ Motorola Dynatac 8000X-ը, թողարկվել է 1983 թ․ պատմական զանգից 10 տարի անց։ Motorola Dynatac 8000X-ն այդ ժամանակ ԱՄՆ-ում վաճառվում էր 3995 դոլարով։















