Նորություններ

«Հավերժի ճամփորդ Լավրենտի Նատոյանը»

«Հավերժի ճամփորդ Լավրենտի Նատոյանը»

12.04.2024

Լավրենտի բացակայությունն այսօր «Բերդ» ամրոցի պահապանների շարքում շարունակվում է որպես պատգամ ու խորհուրդ, որպես անխորտակելի կամք ու խիզախում։ Ու քանի դեռ պարում է «Բերդ»-ը, Լավրենտին կանգնած է հայոց «Բերդ» ամրոցը հսկող խիզախ պահապանների շարքում՝ հավերժ կենդանի։ Մանկավարժական համալսարանում այսօր կայացավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՀՊՄՀ Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանող Լավրենտի Նատոյանի հիշատակին։

Պարարվեստի ապագա մանկավարժը, որ երկարամյա պարող էր և իր մասնագիտական գործունեությունն էր ծավալում «Բերդ» պարային անսամբլում, կդառնար 20 տարեկան․ նա զոհվեց սեպտեմբերյան պատերազմում՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս։

Հիշատակի միջոցառումը հայրենասիրության յուրատեսակ դաս էր, որին ներկա էին ՀՊՄՀ ղեկավար և դասախոսական կազմը, Լավրենտի Նատոյանի ընտանիքի անդամները, հարազատները, համակուրսեցիները, ընկերները։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար զոհվածների հիշատակը։

Նրանք անմահացան և դարձան հավերժի ճամփորդ՝ թողնելով հզոր Հայաստան կառուցելու սուրբ պատգամը։ Լավրենտիի լուսավոր մանկության հուզառատ հուշերն ու պատմությունները, դպրոցն ավարտելու, բուհ ընդունվելու և ստեղծագործական մթնոլորտում ձևավորված անհատ պարողի՝ կոլեկտիվի հետ ապրելու և արարելու բարձրագույն արժեքներն ու հատկանիշները ներկայացնող ընկերների, ուսուցիչների, հարազատների պատմությունները մեկ անգամ ևս նրան բնութագրեցին որպես պրոֆեսիոնալ պարող, հավատարիմ ընկեր և անձնվեր մարդ։

Ընդունվելով Կուլտուրայի ֆակուլտետ, ուսումնառության ողջ ընթացքում շնորհալի պարողը ձեռք բերեց ոչ միայն գերազանց կատարողականություն, այլև հավատարիմ ընկերներ։ Վերջիններս պարային անզուգական կատարումներով իրենց խոնարհումը բերեցին՝ անմահացնելու Լավրենտի Նատոյանի հիշատակը։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն անկեղծանում է՝ դժվար է խոսել․ հուզմունքը խեղդում է, իսկ ժպիտը, որ պարգևեց Լավրենտին, լավագույնն էր նրա երազանքներից։

Ռեկտորը խորին շնորհակալություն հայտնեց Լավրենտի Նատոյան անհատականության ձևավորման ակունքներում կանգնած նրա ծնողներին, բարեկամներին, ուսուցիչների և դասախոսներին՝ ներկաներին հորդորելով պարտավորվածությամբ շարունակել հիշատակի այս դասերը․«Բոլորը ջերմությամբ, ափսոսանքով, ներքին խամրած հույսով խոսում էին այն լույսի մասին, որ կարծես գնացել է, բայց շարունակում է ժպիտ առաջացնել։ Տեսանյութերում, պարային կատարումներում ներկայացված էին ընտանիքը, դպրոցը, բակը, ընկերները, կրթօջախն ու այն ողջ արժեբանությունը, որն ամենաթանկն է։ Սա հայրենասիրության լավագույն վարպետության դասն էր, որ մեզ պատգամեց Լավրենտի Նատոյանը, և որը Մանկավարժականի յուրաքանչյուր ուսանող իր հետ պետք է տանի դպրոց՝ ձևավորվելու անձին, անհատականությանը»,-նշեց ռեկտորն ու հիշատակեց նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, ուսուցչի մասնագիտության երազանքով Մանկավարժական ընդունված աբովյանականներին։

Սրբուհի Գևորգյանը մաղթեց լույս և ժպիտ․այն, ինչ պարգևեց Լավրենտին, խոստանալով՝ կշարունակեն հայորդիների՝ անկատար թողած դասերը։

Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը Լավրենտի Նատոյանին բնութագրեց որպես նպատակասլաց պարող, որը թեպետ կարճ ժամանակահատված սովորեց Մանկավարժականում, պարեց «Բերդ»-ում, սակայն իրենից հետո թողեց հուշ և պատիվ․ «Այսօրվա հուշ-ցերեկույթը պետք է դառնա անձեռակերտ մի հուշարձան՝ ի պատիվ և խոնարհում ՝ ոգեկոչման խորհրդով։ Լավրենտիի պայծառությունը, նպատակասլացությունը թույլ չի տալիս տխուր աչքերով նայել նրա կյանքին և գործունեությանը։ Նա կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց ընկերներ, դասախոսական կազմն ակնածանքով էր վերաբերվում նրան։ Պարարվեստը նվիրում, սեր ու կյանք է պահանջում․ դժվար էր պարային դահլիճից դեպի ռազմաճակատ գնալ։ Նա շատերի նման աննկատ չհեռացավ․հանձնեց պարային հագուստը և խոստացավ վերադառնալ»,-նշեց Կարեն Գևորգյանը։

Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս Սուրեն Խաչատրյանը ղեկավարում է այն կուրսը, որում ուսանել է Լավրենտի Նատոյանը։ Ցավով է նշում՝ անձնապես չի ճանաչել նրան, բայց շատ է լսել համակուրսեցիներից, որոնք մեծ խանդավառությամբ լծվեցին իրագործելու հիշատակի միջոցառումը։ Սուրեն Խաչատրյանն ասում է՝ այս ընթացքում ինքն էլ կարծես շփվել է նրա հետ, հասկացել է՝ օրինակելի անձնավորություն էր, որի ցանկությունն էր ժպիտ բերել իրեն շրջապատողներին։

Հուշ-ցերեկույթին ներկա Լավրենտի Նատոյանի հայրը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին։ Նա ցանկություն հայտնեց որդու անունով սահմանել կրթաթոշակ՝ ապագա պարուսույցների համար։

 

Comments are closed.