Նորություններ

Շուրջ 400 դպրոցական Մանկավարժականում էր

Շուրջ 400 դպրոցական Մանկավարժականում էր

18.04.2024

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր բուհում կազմակերպվել էր հանդիպում ավագ դպրոցականների հետ։

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ավանդական ծրագրին մասնակցեցին շուրջ 400 աշակերտներ հանրապետության տարբեր դպրոցներից։

Ֆակուլտետների ուսանողները տաղավարներում ներկայացրին տեղեկատվություն յուրաքանչյուր ֆակուլտետի մասին, կրթական ծրագրերը, ուսումնամեթոդական ձեռնարկները, խոսեցին պրակտիկաների մասին, իրականացրին մասնագիտական խորհրդատվություն։

ՈՒԽ նախագահ Պարույր Գալստյանն ընդգծեց, որ բացի բուհի գործունեությունը, կրթական գործընթացները ներկայացնելը մտադիր են աշակերտների հետ համատեղ արշավներ կազմակերպել։

«Մանկավարժական համալսարանը պատրաստում է աշխարհի ամենակարևոր մասնագիտությունն ունեցողներին․ չէ՞ որ մյուս բոլոր մասնագետներին ևս սովորեցնում են մանկավարժները,- ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու աշակերտներին հորդորեց սիրել և մեծարել ուսուցչի մասնագիտությունը՝ անկախ իրենց մասնագիտական ընտրությունից։

Պրոռեկտորը վստահ է՝ այս աշակերտների ձեռքերում է մեր հայենիքի, պետության զարգացման ու բարգավաճման գրավականը․ «Դուք եք որոշելու՝ ձեր մասնագիտության ընտրությամբ, արժեհամակարգի ձևավորմամբ, նաև՝ անձնազոհությամբ»,-նշեց պրոռեկտորն ու վստահեցրեց՝ բուհի դռները մշտապես բաց են բոլորի առջև։

ՀՊՄՀ Աշխատակազմի և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Փանոսյանը աշակերտներին ներկայացրեց ՀՊՄՀ-արտասահմանյան բուհերի հետ համագործակցությունը, փոխանակման ծրագրերը, խոսեց նաև կրթության ընթացքում արտասահմանում սովորելու, միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունների մասին։

Հանրային հեռուստաընկերության ծրագրերի և եթերի ապահովման բաժնի պետ, ՀՊՄՀ շրջանավարտ Սոնա Խաչատրյանը խոսեց մեդիագրագիտության առանձնահատկությունների մասին։

Ուսանողական կառույցի ներկայացուցիչներից Նոնա Խաչատրյանը ներկայացրեց ուսանողական կառույցի գործունեությունը, ծրագրերը, իսկ Ժենյա Աբգարյանը այն բոլոր առավելությունները, թե ինչու դառնալ Մանկավարժական համալսարանի ուսանող։

Աշակերտներին հյուրընկալվեց և «Կրթության կարևորությունը ժամանակակից աշխարհում» դասախոսությամբ հանդես եկավ կառավարման փորձագետ Դավիթ Մեջլումյանը։

Աշակերտները խաղացին «Կահութ» խաղը, ստացան մրցանակներ։

Նշենք, որ ավագ դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպում կլինի նաև վաղը։

Comments are closed.