Նորություններ

Երթ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Երթ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

24.04.2024

Մանկավարժական համալսարանն ամեն տարի միանում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման երթին:

Այս տարի ևս բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի և 57 հիմնական դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Երթի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

«Ո´չ թուրքական ժխտողականությանը», «Ո´չ մշակութային եղեռնին», «Ապրիլը նաև վերածննդի ամիս է», «Ճանաչում, դատապարտում, հատուցում»․ աբովյանականները, Ցեղասպանությունը դատապարտող պահանջատիրական եռալեզու պաստառներով, կոչ արեցին ընդունել նախորդ դարասկզբի եղելությունը, վերականգնել արդարությունն ու ճանաչել հայերի նկատմամբ կատարած հանցանքը:

Երթի մասնակից, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Պողոսյանի դիտարկմամբ` այսօր Թուրքիայի ճնշումներն ավելացել են, ինչը հնարավոր է բացասական ելքեր ունենա.կարևոր է չհրաժարվել ազգային արժեքներից, պայքարել, շարունակել պահանջել Թուրքայից և միջազգային հանրությունից ընդունել Հայոց ցեղասպանությունը, վերականգնել պատմական իրողությունը:

Սամվել Պողոսյանը, ինչպես նախկինում, այսօր էլ Ցեղասպանության ճանաչման գործընթացներում կարևորում է Սփյուռքի դերակատարումն ու ներգրավվածությունը։ Ընդգծում է՝ անկախ իրադարձություններից՝ հայ ժողովրդի մեծամասնությունը չի հրաժարվել, այսօր էլ հիշում և պահանջում է արդարացի դատ։

Կարևորելով մանկավարժների երթը՝ պրոֆեսորը նշեց՝ դրան մասնակցում է սերունդ, որ ազգային արժեքների պահպանման և տարածման գործում պետք է մշտապես լինի առաջամարտիկ, լծվի հայ ժողովրդի արդար պայքարի գործին։

Comments are closed.