Նորություններ
Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է
03.05.2024
1994 թվականից սկսած` մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այն նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը, իսկ 1993-ի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել: Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար իրավունքներ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:
Տոնի համատեքստում հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանում գործող Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնն իր ամենօրյա աշխատանքում կարևորում է բուհի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը և իր կազմում գործող զանգվածային լրատվական միջոցներով ապահովում է բուհի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասին տեղեկատվությունը։ «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթ, www.aspu.am կայք, Առաջին համալսարանական ռադիո՝ www.radiofama.am և հեռուստաարտադրանք՝ «Սովորեցնում ենք սովորել» հաղորդաշար (նաև «Հաջողության բանաձև»՝ 8 տարի եթերում)․ զանգվածային լրատվության վերոնշյալ միջոցներով հանրությունն իրազեկվում է բուհի գործունեության մասին, ապահովվում է բուհ-այլ լրատվամիջոցներ կապը, տարբեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվում են նախագծեր և այլն։
Օրվա առթիվ Ռադիո Ֆաման շնորհավորում է գործընկերներին, մաղթում արդյունավետ աշխատանք, ազատ և խաղաղ պայմաններում ստեղծագործելու հնարավորություն։
Նշենք, որ ՀՀ-ում խոսքի և մամուլի ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։















