Նորություններ
Այսօր ռադիոյի միջազգային օրն է
07.05.2024
Համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ մայիսի 7-ն ամրագրվեց որպես ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականի հենց այդ օրը Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին փորձարկումը:
Առաջին անգամ այս օրը մեծ շուքով նշվեց 1925-ին ԽՍՀՄ-ում, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտարարության 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց դարձնել ռադիոյի տոնն ամենամյա:
Իսկ Հայաստանում Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926 –ին, ինչի մասին հանրությանը նույն թվականի հունիսի 13-ին իրազեկեց «Խորհրդային Հայաստան» թերթը:
Արդեն օգոստոսի 27-ին թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանն իրագործման կհանձնվի: Եվ այսպես, 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: Այդ օրվանից Հայաստանում ամեն տարի մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։
Հիշեցնենք՝ Ռադիո Ֆաման իր գործունեությունը սկսել է 2013-ի նոյեմբերի 1-ից: Այն կոչվեց Ֆամա՝ ամեն ինչ լսող և ամեն ինչ տեսնող հունական աստվածուհու անունով:
Ռադիո Ֆամայի աշխատակազմը սիրով շնորհավորում է իր գործընկերներին, մաղթում անխափան եթեր, իսկ ուսանողներին ևս մեկ անգամ վստահեցնում՝ մենք Ձեզ միշտ սպասում ենք։















