Նորություններ
Կոմպոզիտորին նվիրված համերգ՝ Ուրուգվայի Սոլիս թատրոնում
05.07.2024
Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ: Ներկայացվել է նաև Արամ Խաչատրյանի՝ 1957 թվականին Ուրուգվայ կատարած այցի լուսանկարների ցուցահանդես:
Տուն-թանգարանի բարեկամ, Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի ջանքերով Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առիթով հրատարակված անգլալեզու պատկերագիրքը հանձնվել է Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիային:
Համերգի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի ընթացքում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են նաև Արամ Խաչատրյանի հանրահայտ այլ ստեղծագործություններ, այդ թվում՝ ‹‹Դիմակահանդես››-ի վալսը, ‹‹Զանգեզուրի քայլերգը››, ‹‹Գայանե›› բալետից հատվածներ և այլն:















